Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը օրերս մեկնել է Թուրքիա` ներկայացնելու «Թալյաթ Փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ» իր հեղինակած նոր գիրքը:
Ստամբուլում մի շարք գրողների մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հեղինակը պատասխանել է գրքի վերաբերյալ թուրք մասնագետների հարցերին:
Թուրք գրող Մուրաթ Բարդակչին, ով 2008 թվականին հրատարակել էր Թալյաթ Փաշայի օրագրերը, Haber Turk-ի իր սյունյակում գրել էր, որ Արա Սարաֆյանը և հայկական սփյուռքի ներկայացուցիչները գողացել են իր գրքի բովանդակությունը: Այս առնչությամբ Սարաֆյանն ասել է, որ, իհարկե, չափազանց կարևոր էր հրապարակել Թալյաթ Փաշայի օրագրերը, բայց միաժամանակ նշել է, որ Մուրաթ Բարդակչին սխալ է մեկնաբանել այդ զեկույցը` հաշվի առնելով Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի մոտեցումները: Այդուհանդերձ, Սարաֆյանը նշել է, որ պետք է մեծ երախտագիտություն հայտնել Բարդակչիին, քանի որ նա խիզախություն է ունեցել հրատարակել այդ գիրքը, որն ինքնին մերժում է թուրքական վարկածը:
Իր հրապարակման մեջ Արա Սարաֆյանը քննում է 1917 թվականի զեկույցը Օսմանյան իշխանության օրոք գրված այլ զեկույցների լույսի ներքո: Նա ներկայացնում է արտաքսված հայերի մասին Թալյաթի վիճակագրությունը բոլոր մանրամասներով, երկու գունավոր քարտեզներով և հավելյալ այլ նյութերով:
Թուրքական արխիվներից վերջերս դուրս բերված փաստաթղթերը և Թալյաթ Փաշայից մնացած անձնական թղթերն ապացուցում են, որ Հայոց Ցեղասպանության պատասխանատուն հենց նա է: Արձանագրություն կա, որում ասվում է, թե ինչպես է Թալյաթը կարգադրել և վերահսկել Օսմանյան Կայսրությունում 1915-1916 թվականների զանգվածային արտաքսումը: Թալյաթին տարբեր հաղորդագրություններ են ուղարկվել հայերի արտաքսման ամեն մի փուլի մասին, ինչպես նաև այն մարդկանց ճակատագրի մասին, որոնց նկատմամբ հատուկ վերաբերմունք պետք է դրսևորվեր:
Թուրքական արխիվները, ինչպես նաև Թալյաթի 1917 թ.-ի զեկույցը վկայում են այն մասին, որ ընդամենը 100,000 հայեր են փրկվել, այսպես կոչված, հայերի վերաբնակեցման տարածքներում: Թալյաթի զեկույցում նշվում է, որ 1,150,000 հայեր անհետացել են Օսմանյան կայսրությունից 1915-1917 թվականներին կամ «սփռվել Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում ասիմիլյացիայի համար»:
Հայոց Ցեղասպանության մասին Թալյաթի զեկույցը Ցեղասպանության վերաբերյալ Օսմանյան կայսրության դիրքորոշմանը ամենամոտ գտնվող միակ պաշտոնական փաստաթուղթն է: Զեկույցը նախատեսված է եղել Թալյաթ փաշայի և նրա անձնական օգտագործման համար միայն: Այն նախատեսված չի եղել հրապարակման համար և, հավանաբար, փրկվել է միայն շնորհիվ այն բանի, որ Թալյաթը սպանվել է 1921 թվականին, իսկ նրա այրին տվել է զեկույցը թուրք պատմաբաններին, որոնք էլ հետագայում հրապարակել են այն: