Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնում գործունեության 14 տարիների ընթացքում հետազոտվել են 231 747 մարդ: Ամեն տարի հետազոտվում է 20 000 կին, Կենտրոնի բացման օրվանից մինչ օրս կատարվել է 136 341 կրծքագեղձի հետազոտություն, որի արդյունքում քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 6500 այցելուի մոտ:
«Եթե ստեղծման շրջանում Կենտրոն այցելում էր օրական 2-3 մարդ, ապա այսօր կենտրոնն օրական սպասարկում է միջինը 80-100 այցելու: Մինչ այժմ պրոֆիլակտիկ այցելության արժեքը կազմում է 11 000 դրամ, որը երբեք փոփոխության չի ենթարկվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է կենտրոնի տնօրեն Հրանուշ Հակոբյանը:
Նա նշել է, որ այցելուների թվի աճը ցույց է տալիս, որ հայաստանցիների շրջանում սկսում է ձևավորվել բժշկին այցելելու կուլտուրան, և կանայք սկսում են գիտակցել, որ տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն պրոֆիլակտիկ հետազոտություն:
Ուռոլոգիայի բաժնի վարիչ Ռուբեն Հովհաննիսյանն էլ, իր հերթին, նշել է, որ տղամարդկանց մոտ ևս սկսում է ձևավորվել բժշկին այցելելու կուլտուրան՝ չնայած որ տղամարդկանց ստիպում են այցելել կանայք:
«Ճիշտ է, որ տղամարդիկ կանանց պարտադրամամբ են գալիս կենտրոն, սակայն կարող եմ ասել դեպքեր, երբ տղամարդը եկել է, ասել, որ ինքը բողոք չունի, և ցանկանում է վստահ լինել, որ առողջ է»,- ասել է բժիշկը:
Կենտրոնի տնօրենի խոսքով` իրենք այցելուներին սովորեցնում են ճիշտ ապրելակերպ վարել, որպեսզի հնարավորինս խուսափելի լինի քաղցկեղ հիվանդությունը:
«Ամերիկյան դպրոցն ուսուցանում է, որ քաղցկեղից խուսափելու համար պետք է օրական օգտագործել շատ լոլիկ, սև շոկոլադ, բանջարեղել, թռչնամիս, ծովամթերք, կարմիր գինի: Ամերիկացի մասնագետներն ասում են, որ կարմիր գինին` սև շոկոլադով, մի փոքր պրոֆիլակտիկ բուժում է օրգանիզմի համար»,- նշել է Հակոբյանը: