Չեմպիոնների Լիգայի շրջանակներում այսօր «Շախտյորի» և «Ապոելի» միջև կայանալիք հանդիպումից առաջ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
– Հենրիխ, ի՞նչ կարող ես ասել «Ապոելի» մասին:
– Շատ լավ թիմ է, ուժեղ ֆուտբոլիստներ ունեն: Բայց մենք գիտենք դա և պետք է ամեն ինչ անենք հաղթանակ տանելու համար: Սա մեզ համար մեծ նշանակություն ունի: Չեմպիոնների Լիգայի վերջին 3 հանդիպումներում մենք պարտվել ենք, այդ թվում` «Բարսելոնայի» հետ խաղում: Էլ տեղ չունենք: Պետք է հաղթենք և անենք ամեն հնարավորը` միավորներ վաստակելու և խմբից դուրս գալու համար: Հետդարձի ճանապարհ չկա:
– «Ապոելի» արդյունքն առաջին տուրում թիմի ուժի՞, թե՞ «Զենիթի» կողմից թերագնահատված լինելու արդյունք էր:
– Եթե նրանք հաղթել են, ապա դա «Ապոելի» ուժի արդյունքն էր: Նաև «Զենիթի» կողմից թերագնահատված լինելու: Ռուսաստանցիներն ուժեղ թիմ ունեն, և, կարծում եմ, «Ապոելը» դա լավ է ուսումնասիրել: Սակայն շատ սխալներ են թույլ տվել և որպես արդյունք` պարտվել:
– Երկրպագուների զգալի մասը Ձեզ տեսնում է ավելի շատ հարձակման գծում: Որքանո՞վ լավ եք զգում այն դիրքում, որը Ձեզ համար նախատեսել է Միստերը:
– Ամեն ինչ կանեմ` թիմին օգնելու և հաղթանակի հասնելու համար: Իսկ թե որ դիրքում կխաղամ` երկրորդական հարց է: