Երկուշաբթի Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի գլխավոր դատախազ Հիքմեթ Ուստան հայտարարել է Թուրքիայի ուժային կառույցների ներկայացուցիչների և թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց` Էրհան Թունչելի և Յասին Հայալի կապի մասին: Հիշեցնենք, որ վերջին երկուսն են դրդել ազգայնական երիտասարդ Օգյուն Սամաստին սպանության, որը տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 19-ին:
Ուստան հայտնել է, որ Սամաստը և նրան հանցավոր գործողությունների դրդած Թունչելն ու Հայալը կապ են ունեցել չորս իրավապահների` սերժանտ Սատլիմիժ Շահինի, շարքայիններ Ունսալ Գյուրելի, Ռեսուլ Քյություքօղլուի և Ահմեդ Ֆարուք Այդօղդուի հետ: Նշենք, որ դատավարության 4,5 տարիների ընթացքում Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները պնդել են, որ իրավապահ մարմինները տեղյակ են եղել ծրագրվող սպանության մասին, սակայն քննչական մարմինները նոր են սկսել արձագանքել այդ հայտարարություններին:
Այժմ քննիչները պարզել են, որ Շահինը Ստամբուլում է եղել միջադեպի օրը, մինչդեռ Թունչելը քննության ընթացքում պնդել էր, որ նա այդ օրը քաղաքում չի եղել: Դեռ ավելի 2007 թվականի մարտի 30-ին արված իր հայտարարության մեջ Շահինը նշել էր, որ ծանոթացել է Թունչելին Թունքայ Ուզունդալի միջոցով: Դատախազի կողմից տրամադրված զեկույցը հաստատում է, որ Շահինը 45 անգամ զանգահարել է Թունչելին և 48 անգամ Ուզունդալին:
Ինչպես նշում է Today’s Zaman-ը, Ուստայի խոսքերն առաջին պաշտոնական հայտարարությունն են, որոնք հաստատում են մարդասպանի կապը «Էրգենեկոն» հանցավոր խմբավորման հետ: Թուրքիայի դատախազությունը նաև նշել է, որ սպանության հետևում կանգնած է Տրաբզոն նահանգում գործած «Էրգենեկոնի» խումբը: