ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին Ռոշ ա Շանայի` Նոր տարվա տոնի կապակցությամբ:
«Աշխարհասփյուռ հրեա ժողովրդին պատկանող յուրաքանչյուր ընտանիք նշում է այս հինավուրց տոնը: Ուրախ եմ, որ այն նշվում է նաև մեր երկրում, որտեղ ազատորեն զարգանում են հրեական հարուստ մշակույթն ու հոգևոր ժառանգությունը:
Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչների աշխատասիրությունը, բարեխղճությունը և ստեղծագործելու ձիրքը դրսևորվում են մեր կյանքի ամենատարբեր բնագավառներում: Վստահ եմ, որ ձեր գործուն մասնակցությամբ հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտը շարունակելու է ամրապնդվել` նպաստելով Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը:
Ռոշ ա Շանա տոնի կապակցությամբ բարեմաղթանքներ եմ հղում Հայաստանի բոլոր հրեաներին: Թող սերն ու ջերմությունը լուսավորեն ձեր ընտանիքները, իսկ գալիք նոր տարին պսակվի ուրախությամբ և ձեռքբերումներով», – իր ուղերձում նշել է Սերժ Սարգսյանը: