Հայաստանում կյանքն առաջիկայում ըստ էության չի փոխվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:
«Առաջիկայում ֆունդամենտալ հարց պիտի որոշվի` արդյոք առճակատումը սրվելու է Հայաստանում, թե ոչ: Հայաստանը գնում է այդպիսի խորացման, ուղղակի ուրիշ ճանապարհ չի թողել ինքն իրեն: ՀԱԿ-ն իր գործունեությամբ պարզապես կորցրեց ժողովրդի վստահությունը և չկարողացավ առաջնորդել այդ բանը, դրանով նաև կորցրեց երկխոսության հնարավորությունները և իմաստները, որովհետև երկխոսությունը կարող էր հիմնվել միայն ժողովրդի կամքի վրա: Միակ համակարգը, որ խեղված աշխարհի համակարգից դուրս է դա ապստամբ ժողովրդի համակարգն է», – ասել է Մանուչարյանը:
Քաղաքական գործիչը նշել է, որ եթե ապստամբությունը կարողանա ղեկավարել այնպիսի մի ուժ, որը հաղթահարել է իր խեղվածությունը, այդ դեպքում Հայաստանը ինքը իրեն էլ կվերագտնի:
«Խեղված Հայաստանը ունի երեք հիմնական գործող ուժեր, որոնք կապված են երեք նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց հետ և այդ երեք ուժերի գործունեությունը այդ Հայաստանի հիմնական գործառույթներն են: Դրանցից դուրս կան փոքր խմբեր, որոնք ոչ մի կերպ չեն ձևավորվում որպես ինքնուրույն ուժ»,- ասել է Մանուչարյանը: