Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դոնեցկի «Շախտյորը», Չեմպիոնների Լիգայի երկրորդ խաղում անընդմեջ անհաջողության մատնվեց:
Առաջին տուրում ուկրաինական թիմը պարտվել էր պորտուգալական «Պորտուին», իսկ սեպտեմբերի 28-ին սեփական հարկի տակ «Շախտյորը» չկարողացավ հաղթել Կիպրոսի չեմպիոնին՝ «Ապոելին»: Դաշտի տերերը մեծ առավելություն ունեին հանդիպման ընթացքում, սակայն մրցակիցը մի քանի անգամ սուր հակագրոհներ կազմակերպեց, որոնցից մեկը 61-րդ րոպեին դիպուկ հարվածով ավարտեց Իվան Տրիկովսկին:
3 րոպե անց Ժադսոնը հավասարեցրեց հաշիվը, սակայն ավելին դաշտի տերերին անել չհաջողվեց: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը բավական ակտիվ անցկացրեց ողջ հանդիպումը, իսկ առաջին կեսում գոլային լավ հնարավորություն ստացավ: Սակայն տուգանային հրապարակի մատույցներում հայտնված հայաստանցու հարվածից հետո իր թիմին փրկեց «Ապոելի» դարպասապահ Դիոնիսիոս Խիոտիսը:
Նույն խմբում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» 3:1 հաշվով պարտության մատնեց ՈՒԵՖԱ-ի 2011 թվականի գավաթակիր «Պորտուին»: Ռուսաստանցիները պարտվում էին 0:1, սակայն կարողացան 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ օգտվելով նաև այն հանգամանքից, որ 45-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց «Պորտուի» պաշտպան Խորխե Ֆուսիլեն: Դաշտի տերերի կազմում երկու գնդակ խփեց Ռոման Շիրոկովը, ևս մեկ գոլ հեղինակեց Դաննին: Հյուրերի կազմում աչքի ընկավ կոլումբիացի Ջեյմս Ռոդրիգեսը:
Е խումբ
Վալենսիա (Իսպանիա) – Չելսի (Անգլիա) 1:1
Բայեր (Գերմանիա) – Գենկ (Բելգիա) 2:0
Չելսի – 4 միավոր, Բայեր – 3, Վալենսիա – 2, Գենկ – 1
F խումբ
Արսենալ (Անգլիա) – Օլիմպիակոս (Հունաստան) 2:1
Օլիմպիկ Մարսել (Ֆրանսիա) – Բորուսիա Դորտմունդ (Գերմանիա) 3:0
Օլիմպիկ – 6 միավոր, Արսենալ – 4, Բորուսիա – 1, Օլիմպիակոս – 0
G խումբ
Զենիթ (Ռուսաստան) – Պորտու (Պորտուգալիա) 3:1
Շախտյոր (Ուկրաինա) – Ապոել (Կիպրոս) 1:1
Ապոել – 4 միավոր, Զենիթ – 3, Պորտու – 3, Շախտյոր – 1
H խումբ
ԲԱՏԵ (Բելառուս) – Բարսելոնա (Իսպանիա) 0:5
Միլան (Իտալիա) – Վիկտորիա (Չեխիա) 2:0
Բարսելոնա – 4 միավոր, Միլան – 4, Վիկտորիա – 1, ԲԱՏԵ – 1
Լուսանկարը՝ Reuters