ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայում ունացած ելույթը լավն էր, այն կարելի է գնահատել բարձր, բայց ոչ ավելին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` նշելով, որ ՀՀ նախագահը ճիշտ է լուսաբանել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:
«Այս առումով անթերի ու ճշգրիտ լուսաբանում էր: Ճիշտ է` նաև այն հատվածը, որը ներկայացնում էր հայ-թուրքական հարաբերությունները»,- ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ այլ հարց է, թե այդ ելույթը գործնականում արդյոք կյանքի կկոչվի, թե ոչ:
Բանախոսի համոզմամբ` նախագահի ելույթից բխող երկու անհրաժեշտություն է երևում. Առաջին` այդպիսի վճռական ազգային քաղաքականություն վարելու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր են երկրի ներսում ունենալ լուրջ հենարան, իսկ վերջինիս հասնելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել մոնոպոլիստական համակարգը:
«Ակնհայտ է, որ ժողովրդի կյանքը վատանում է, ժողովուրդն այսօր ավելի վատ է ապրում, քան առաջ», – ասել է ՀՅԴ-ական գործիչը:
Ըստ Հովհաննիսյանի` երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է համահունչ լիներ այնտեղ հնչած շեշտադրումներին, որի առաջին նշանը պետք է լիներ հայ-թուրքական արձանագրությունների ՀՀ ստորագրության հետկանչը: