Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Զարուհի Պետրոսյանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Վերջին դատի ընթացքում վկայություն տվեց Զարուհու հարևանուհին` անչափահաս Է.-ն, ով նշեց, որ վերջին շրջանում Զարուհին միշտ անտրամադիր ու տխուր էր, իսկ իր տատիկը Զարուհու մահից մեկ օր առաջ տեսել է, թե ինչպես է նրա ամուսինը քաշում Զարուհուն, վերջինս էլ կռացած էր ու ձեռքերով պահում էր որովայնի հատվածը:
Դատի ընթացքում նաև հրապարակվել են երկու այլ վկաների ցուցմունքները, որոնք այժմ գտնվում են ՀՀ-ի սահմաններից դուրս: Համաձայն այդ վկաների ցուցմունքների` նրանք ականատես են եղել, թե ինչպես է Զարուհու ամուսինը` Յանիսը, ծեծում իր կնոջը: Վկաներից մեկի ցուցմունքներում նշված էր, որ Զարուհին ցանկացել է բաժանվել իր ամուսնուց և պատմել է վկային այն մասին, որ ամուսնու հետ ապրելը դարձել է անտանելի նրա պարբերաբար ծեծերի ու դաժան վերաբերմունքի պատճառով:
Դատի ընթացքում պաշտպանող կողմը միջնորդություն էր ներկայացրել հետագա դատական լսումները իրականացնել դռնփակ, սակայն միջնորդությունը մերժվել է, հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»: