Սեպտեմբերի 25-ի կեսգիշերին Դիլիջանում իր տանը պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել 48-ամյա Գայանե Մնացականյանը, իսկ նրա զավակները` 25-ամյա Էրիկ Մարտիրոսյանը և 23-ամյա Մարինե Մարտիրոսյանը, մտնելով տուն և տեսնելով, որ մայրը կախված է, կտրել են երակները՝ նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով, սակայն ինքնասպանությունը չի հաջողել:
«Առավոտ» օրաթերթն այսօր գրում է, որ ընտանիքում խնդիրները կապված են եղել նրանց հոր հետ: Վերջինս շուրջ մեկ տարի առաջ ամուսնալուծվել է, տեղափոխվել Վանաձոր: Նա երիկամների անբավարարության պատճառով դիալիզի մշտական կարիք ունի և ցանկացել է վաճառել Դիլիջանի իրենց տունը և վերցնել իր մասնաբաժին գումարը: Ընտանիքի մյուս անդամները չեն ցանկացել վաճառել տունը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Էրիկը նախկինում էլ է ինքնասպանության անհաջող փորձ կատարել:
«Առավոտը» նշում է, որ թեև Դիլիջանի Գոլովինո թաղամասում, Կամոյի փողոցի տանը, ուր բնակվել են Գայանե Մնացականյանը և նրա զավակները, գտնվել են ջարդված սրբապատկերներ, սակայն էրիկն ու Մարինեն ժխտում են, որ իրենք Եհովայի վկաներ են:
Դեպքի առթիվ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։