Ի հեճուկս Ադրբեջանում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուի հայտարարությանը, Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան պնդում է, որ Հայաստանին վաճառված զենք-զինամթերքի մասին գործարքը ճիշտ է և օրինական:
Ընթացիկ շաբաթվա սկզբին Բաքվում Մոլդովայի դեսպանը հրավիրվել էր Ադրբեջանի կառավարություն` պարզաբանումներ տալու Հայաստանին գաղտնի զինամթերք մատակարարելու մասին լուրերի վերաբերյալ: Մոլդովական իշխանությունները տեղի ունեցած դիվանագիտական միջադեպի մասին ոչինչ չէին հաղորդել:
Այդուհանդերձ, ադրբեջնական կառավարությունում տեղի ունեցած զրույցից հետո Իգոր Բոդյուն հայտարարել էր ԶԼՄ-ներին, որ մոլդովական զինուժի հետ աղմուկ բարձրացրած գործարքը «տհաճ իրավիճակ է ստեղծել երկկողմ հարաբերություններում»: Միաժամանակ, կառավարության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «այդ խնդրահարույց սխալը» ոչ մի կերպ չի անդրադառնա ադրբեջանա-մոլդովական հարաբերությունների վրա:
Ինչպես ավելի ուշ հայտնի էր դարձել OMEGA գործակալության աղբյուրներին, գործարքն իրականացվել է լատվիական Latspetsexport-ի կողմից, թեև լատվիական իշխանությունները հերքում են իրենց երկրի ներսում գործող որևէ ընկերության կապն այս գործարքի հետ:
Այս առնչությամբ ելույթ ունեցած Վիտալի Մարինուցան հայտարարել էր, որ 60 տոննա զենքի (որոնց թվում են եղել հակաօդային և հակատանկային համակարգեր) վաճառքի մասին պայմանագիրը «օգուտ» է բերել մոլդովական կողմին:
Իր հերթին, ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի պահպանման հարցերով խորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն հայտարարել է, որ ինքնաթիռը զինամթերքը Հայաստան է փոխադրել Մոլդովայի հանրապետության և լատվիական ընկերության միջև պայմանագրի համաձայն, իսկ պայմանագիրն իրականացվել է մոլդովական սահմանադրությանը համապատասխան: Գործարքի փաստը, Ստոյանոգլոյի խոսքով, հաստատվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ստորագրությամբ:
Հայաստանը, սակայն, հայտարարում է, որ չի գնել հնացած զինամթերք: «Հայաստանի զինված ուժերի կարիքների համար զինամթերքի ձեռքբերումն իրականացվում է հանրապետության օրենսդրության և համապատասխան միջազգային նորմերի և պարտավորությունների շրջանակներում»,- հայտարարել էր պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: