Իր տարածքում հաստատելով տևական խաղաղություն և բարեկեցություն՝ Եվրամիությունը աշխարհին ներկայանում է որպես քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի յուրատեսակ օրինակ: Այս մասին Լեհաստանում ընթացող Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` համոզմունք հայտնելով, որ այդ փորձը կարելի է տեղայնացնել նաև Հարավային Կովկասում:
«Չլուծված հակամարտությունները պետք է ստանան իրենց արդարացի և կայուն լուծումը: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է:
Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Նրանք մեծ ջանքեր են ներդնում իրենց հաստատությունները զարգացնելու հենց այն արժեքներին համապատասխան, որոնք մենք հռչակում ենք ընդհանուր, և դա, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության: Ավելին, ուշադրության այդ դաշտից Լեռնային Ղարաբաղի հանրության դուրս մնալը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտության արդարացի կարգավորմանը», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` այսօր տարածաշրջանը խարխափում է ատելության հետևողական սերմանման և պատերազմի հռետորության սարդոստայնում:
«Այս իրավիճակը որևէ լավ բան չի հուշում և կարիք ունի անհապաղ վերափոխման: Նաև այս պատճառով երեկ ես ձեռնպահ մնացի Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին պատասխանելուց, համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը և համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ և բոլորի կողմից ընդունված ձևաչափ՝ ԵԱՀԿ և նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ: Իսկ ԵՄ-ն, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարվել է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմանների ապահովման և վստահության միջոցների ամրապնդման դիրքերից, ինչը միայն ողջունելի է: Այս խնդիրը ԵՄ-ն կարող է մեծ հաջողությամբ իրականացնել: Հենց Արևելյան գործընկերության միջոցով, որի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում տարածաշրջանային համագործակցությունը: Եթե կարողանանք խելամտորեն օգտվել այս հնարավորությունից, ապա կշահենք բոլորս՝ թե՛ գործընկեր, և թե՛ ԵՄ անդամ-երկրները», – նշել է ՀՀ նախագահը: