ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն: Այս մասին նա հայտարարել է «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում:
Գործակալության թղթակիցը խնդրել է Քոչարյանին մեկնաբանել այն փաստը, որ քաղաքականություն իր վերադառնալու հարցը դարձել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը, իսկ 2012 թվականին ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի առաջադրվելու փաստը բուռն քննարկումներ և բանավեճերի առարկա է դարձել, ինչին Քոչարյանը պատասխանել է:
«Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եվ դա տեղի է ունենում Հայաստանի Անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկցվեն դրսից:
Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեև շատ մոտ և Հայաստանի համար շատ կարևոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետևյալ երեք գործոնները.
1. երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավվման բացակայությունը, և, որպես հետեւանք` փակուղային
տրամադրությունների և արտագաղթի աճը;
2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;
3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակը:
Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում», – ասել է Ռոբերտ Քոչարյանը: