00:20 ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն այս պահին զրուցելով անցան Ազատության հրապարակի կողքով եւ, պտտվելով հրապարակի շուրջ, հեռացան:
23.55 Այս պահին Ազատության հրապարակում աշխուժություն է տիրում:
Պարեկային ոստիկանական մեքենան մտավ Ազատության հրապարակ, եւ բարձրախոսով սկսեց հայտարարել, որ հավաքն անօրինական է: Ոստիկանները հորդորում էին հեռանալ հրապարակից:
Դրան զուգահեռ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը բարձրացավ հարթակ եւ բարձրախոսով մեջբերեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ կետը, համաձայն որի, եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, եւ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:
Փաշինյանն ընդգծել է, որ նույն օրենքի համաձայն, անգամ եթե հավաքը իրազեկման պահանջների խախտմամբ է անցնում, բայց խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունը իր լիազորությունների սահմաններում պարտավոր է աջակցել խաղաղ հանրահավաքին:
Փաշինյանը նշել է, որ ՀԱԿ-ի հավաքը խաղաղ է, եւ կոչ է արել մարդկանց ուշադրություն չդարձնել ոստիկանների գործողությունների վրա, քանի որ ՀԱԿ-ում կան պատասխանատուներ, ովքեր կշփվեն ոստիկանների հետ: Փաշինյանը հորդորել է շփման մեջ չմտնել ոստիկանների հետ:
ՀԱԿ ներկայացուցիչը եւս մեկ անգամ ընդգծել է որ իրենց գործողությունները օրինական են:
Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, Ազատության հրապարակի հարակից սրճարաններից մեկից, որտեղ լույսերն անջատված էին, արագ դուրս վազեցին քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր մտան հրապարակ եւ ձուլվեցին ժողովրդին:
20.23 Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Նա հայտարարեց, որ Մարտի 1-ի զոհերի ծնողները միանում են շուրջօրյա հանրահավաքներին:
20.14 Ազատության հրապարակում հավաքվածներին խնդրել են տեղ ազատել հրապարակում, որպեսզի սկսեն վրանների տեղադրումը:
20.00 Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել մեկ շաբաթ շարունակ: Նա կրկնեց նախորդ հանրահավաքին հնչեցված 8 պահանջները, որոնցից առաջինը մինչև տարվա վերջ արտահերթ ընտրությունների անցկացումն է:
19.58 Հայ Ազգային Կոնգրեսի` այս պահին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկաներին առաջարկեց քվեարկության դնել շուրջօրյա հանրահավաք կամ նստացույց անցկացնելու հարցը: Բողոքի ակցիայի այս երկու ձևերը, Տեր-Պետրոսյանի խոսքով, շատ քիչ բանով են տարբերվում:
Հավաքվածների կարծիքն այս հարցում կիսվել է, որից հետո ՀԱԿ առաջնորդը 5 րոպե ժամանակ է խնդրել` քաղխորհրդի անդամների հետ հարցը քննարկելու և որոշում կայացնելու համար: