«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008 թվականի նախագահական ընտրություններին ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր, եղել է և լինելու է այնտեղ, որտեղ ժողովուրդը պայքարում է ռեժիմի տապալման համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Արզումանյանը, և հավելել, որ դրական է գնահատում Կոնգրեսի պայքարի այս ձևը:
Հիշեցնենք, որ երեկ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ որոշում է կայացվել մեկ շաբաթվա ընթացքում շուրջօրյա հանրահավաքներ անցկացրել:
«Ես ցանկացած բողոքի ակցիա, որը նպաստում է ռեժիմի տապալմանը, ողջունում և դրական եմ գնահատում: Եվ իմ ամենօրյա գործունեության միջոցով էլ նպաստում եմ ռեժիմի տապալմանը»,- ասել է նա:
Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, ժողովուրդը կտեսնի Արզումանյանին Ազատության հրապարակում, վերջինս պատասխանել է.
«Ինչու ոչ, ինձ կարող եք տեսնել Ազատության հրապարակում: Իհրակե, դեռ կորոշվի, թե ինչպիսի մասնակցություն կունենամ, բայց որտեղ ժողովուրդն է պայքարում, այնտեղ ես կանգնած եմ», – հավելել է Արզումանյանը: