«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը հարց է ուղղել ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանին` արդյոք ոստիկանությունն աջակցելու է Ազատության հրապարակում սկսված շուրջօրյա հավաքներին, որոնք խաղաղ բնույթ են կրում:
«Մենք նորմալ ծառայություն ենք անում», – ասել է Նազարյանը:
«ՀԺ»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյոք ոստիկանությունն ապահովելու է, որ սադրիչներ չլինեն, չի խոչընդոտելու հավաքի անցկացմանը:
«Մենք հարց չունենք, պրոբլեմ չունենք, ծառայությունը դրված է, նորմալ ընթանում է: Ինձ թվում է սադրանքներ չեն լինի, ոստիկանությունն էլ չի խոչընդոտի», – ասել է Երևանի ոստիկանապետը` հրաժարվելով, սակայն, հայտնել, թե քանի ոստիկան է հսկողություն իրականացնում Ազատության հրապարակում: Նա, սակայն, հավելել է, որ հսկողությունը մի քիչ ավելի ուժեղացված կլինի:
Նշենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է, որ եթե նույնիսկ հանրահավաքն իրազեկման պահանջների խախտմամբ է անցնում, բայց խաղաղ բնույթ ունի, ոստիկանությունը պարտավոր է աջակցել դրա անցկացմանը: