Արդեն չորրորդ օրն է` Ապարանից Երևան ուղևորվող երթուղայինները չեն գործում, ահազանգում են ապարանցիները: Epress.am-ի թղթակցին, ով շրջել է Ապարանի ավտոկայանում, չի հաջողվել պաշտոնական մեկնաբանություն ստանալ: Միայն ավտոկայանի աշխատակիցներից մեկն ասել է, որ «հեղափոխություն ա, դրա համար էլ չի աշխատում, ու չի էլ աշխատելու, նստացույց ա Երևանում, կառավարությունն էլ հրամայել ա փակել ճամփեքը»:
Epress.am-ի թղթակիցն այցելել է նաև Աշտարակ, որտեղ պարզել է, որ երեք օրվա «ընդմիջումից» հետո այսօր քիչ հաճախականությամբբայց միջքաղաքային տրանսպորտն աշխատել է:
«Երեք օր ա` չէր աշխատում, բայց էսօր ոնց-որ երևում են»,- ասել են ավտոկայանում կուտակված քաղաքացիները, ովքեր նշում էին նաև, որ մոտ կես ժամ սպասում են երթուղայինի:
Տաքսու վարորդներից մեկի խոսքով էլ` առավոտ իրենց եկել, ասել են, որ Երևան չքշեն, «բայց որ տեսնում են, բան չեն ասում»:
Արտաշատ քաղաքի բնակիչներից Անուշը Epress.am-ին տեղեկացրել է, որ առավոտից Արտաշատի բոլոր կանգառներում մոտ 7-8 ոստիկաններ են կանգնած, ովքեր խոչընդոտում են հասարակական տրանսպոտի բնականոն աշխատանքը: Նշենք, որ այն տաքսու վարորդին, որով Epress.am-ի զրուցակիցը փորձել է Երևան գալ, ոստիկանները տարել են ոստիկանության բաժին: