հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ես կարծում էի, որ հայ դյուցազնը չի կարող նսեմացնել անզեն և անօգնական մարդուն

Ես կարծում էի, որ հայ դյուցազնը չի կարող նսեմացնել անզեն և անօգնական մարդուն

«Ո՞ւմ է վնասում տեղեկատվական պատերազմի շղարշի տակ ներկայացվող բռնության և ռասիզմի քարոզչությունը» թեմայով խորհրդանշական դատական նիստը, որը կայացել է նախորդ շաբաթ Երևանում, սկսվել է երկու տեսանյութերի և մեկ մուլտֆիլմի դիտումով:

Տեսանյութն իրենից ներկայացնում էր ղարաբաղյան պատերազմի փաստագրական ֆիլմից մի հատված` երաժշտական ուղեկցությամբ: Ադրբեջանական ռազմական քայլերգի ներքո ադրբեջանցի ռազմագերիներն են երթի դուրս գալիս: Սյուժեի ողջ ընթացքում էկրանի ձախ անկյունում ցուցադրվում էր ադրբեջանական դրոշը` զուգարանի թղթի տեսքով: Ժամանակ առ ժամանակ հայտնվում էր նախագահ Իլհամ Ալիևի նկարը, ով մոնտաժի շնորհիվ համբուրում էր հայկական եռագույնը:

Տեսանյութում հիմնականում ադրբեջանցի զինվորականների, այդ թվում` այլանդակված դիակների կադրեր են ցուցադրվում, ինչպես նաև հայկական բանակի ուժը: Ադրբեջանցի ռազմագերիների ցուցադրությունն ուղեկցվում է  ոչխարների մայունով: Դրվագներից մեկում ադրբեջանցի ռազմագերուն ստիպում են լիզել թշնամական ժապավենը: Մի քանի անգամ տեսանյութում դիսկոտեկային երաժշտության ներքո ցուցադրում են ադրբեջանական բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների վավերագրական կադրեր: Զինվորներին ծեծում են, ստիպում ապտակել միմյանց և նման այլ բաներ: Հայկական զորքերը կրակում են, ռմբակոծում են, թռչում ինքնաթիռներով, թշնամիներին գերի վերցնում:

Հաջորդ անիմացիոն մուլտֆիլմը սահմանի վրա տեղի ունեցող դեպքի մասին է, որտեղ շիկահեր, կապուտաչյա, թիկնեղ հայ զինվորը ժամապահ ծառայություն է անցկացնում. իսկ սահմանի մյուս կողմում թշնամական զորքերի փոքրիկ, բեղավոր, մեծ գլխով զինվորն է: Վերջինս բռնաբարում է ոչխարին վերահսկողական դիտաշտարակի վրա. որտեղ կախված է նախագահի դիմանկարը, իսկ նկարի տակ կղանք է: Այս սերիայում հայ զինվորին հաղթելու համար ադրբեջանցի զինվորը դիմում է անգլալեզու դիպուկահար կնոջ օգնությանը: Վերջինս իր ծառայության համար երկու տարրա նավթ է պահանջում, որոնցից մեկի մեջ զինվորը իր մեզն է լցնում:

Դիպուկահար կինը հայ զինվորի վրա նշանակետ է վերցնում, սակայն անհաջողության է մատնվում, քանի որ նրա վրա հետևից հարձակվում է գրգռված ադրբեջանցի զինվորը: Կինը ծեծելով նրան և նրա վրա լցնելով տարրաներից մեկի պարունակությունը (մեզը)` հեռանում է ուղղաթիռով:

Օգտվելով զինվորի անօգնականությունից` կրկին կադրում հայտնված ոչխարը որոշում է վրեժ լուծել իրեն բռնաբարած զինվորից միևնույն միջոցով: Մուլտֆիլմի վերջում հայտնված Ադրբեջանի նախագահը պատմում է տեղի ունեցածի մասին: Կերպարների ձայները հնչյունավորում են ադրբեջաներեն բառերի և արտահայտություններին օգտագործմամբ:

Դատին հրավիրված փորձագետները պետք է մեկնաբանեին տեսածը, պատասխանեին հարցերին, լսեին մեկնաբանություններ դահլիճից և քվեարկեին «կողմ» կամ «դեմ» որպես տեղեկատվական պատերազ մատուցվող ռասիզմի քարոզչության արդարացմանը:

Ակնկալվող սկանդալը տեղի չունեցավ. ռեժիսոր Արմեն Մազմանյանը, ով «թուրքերին գենետիկորեն չի հավատում», չէր ներկայացել դատին, «Արտաքսված գրողների» միության անդամ, հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը` Վահե Ավետյանը, Շվեդիայից ուղարկել էր իր կարծիքը տեսանյութով:

Նա, մասնավորապես, հայտարարեց. «Առաջին երկու տեսանյութերին, որտեղ ցուցադրվում են ադրբեջանցի զինվորների ստորացումները, ես ստիպված էի մի քանի անգամ վերադառնալ, որովհետև ոչ մի կերպ չէի կարողանում մինչև վերջ դիտել: Ես նողկանք էի ապրում և հիմա էլ նույնն եմ զգում: Իմ նախկին «ես»-ը` լվացված ուղեղով, միշտ կարծում էր, որ մեր հերոսների առաքինությունը Սասունցի Դավիթից է գալիս և որ հայ դյուցազնը չի կարող նսեմացնել անզեն և անօգնական մարդուն:

Այժմ ավելի լավ եմ պատկերացնում իրավիճակը: Այս երկու նյութերը տեղեկատվական պատերազմի մաս չեն կազմում: Իսկ եթե դա պատերազմ է, այն ուղղված է այդ տեսանյութի ստեղծողների դեմ, այլ ոչ մարդկանց դեմ, որոնք ստորացնում են, կոտրում են դժբախտ մարդու հոգին: Հենց նրանք էլ արդյունքում դարձան  մենթեր ու չեկիստներ: Մարդկային այս տեսակը սպանում է հայ զինվորին բանակում, կտտանքների է ենթարկում նրան, այնպես, ինչպես տեսանյութում, որոնք ցույց են տալիս ադրբեջանական բանակի ներքին խոհանոցը:

Հարկ է նշել, որ սյուժեում ակնհայտորեն գովազդվում է ռուսաստանյան զենքը, որից կարելի է եզրակացություններ անել նման տեսանյութի պատվիրատուների մասին:

Ո՞ւմ է վնասում որպես տեղեկատվական պատերազմ ներկայացվող բռնության և ռասիզմի քարոզչությունը:

Նախևառաջ, հենց ռասիստներին, քանի որ վաղ թե ուշ նրանց պատասխանատվության կենթարկեն, ինչպես դա տեղի է ունեցել բոլոր ժամանակների ռասիստների և ֆաշիստների հետ: Լինելով անկիրթ, ինչպիսին սովորաբար լինում են ռասիստներն ու ֆաշիստները, մեր հայրենակիցներն այդ մասին չգիտեն: Նրանց հատուկ է անպատժելիության բութ մոլորությունը:

Մուլտֆիլմում ամեն ինչ այլ է: Դրանք վարպետորեն են արված, սուր և ուղղված են երեխաներին: Եվ այն փաստը, որ 5 ամիսների ընթացքում դրանք դիտվել են 90 հազար անգամ, վկայում է այն մասին, որ դրանք հասնում են հասցեատիրոջը, ահա թե ինչն է վտանգավոր: Երեխաները կարող են հեշտությամբ թակարդն ընկնել: Սա լայնածավալ պատերազմ է մեր դեմ, որի նպատակն է երիտասարդ սերնդին խամաճիկ և զավթողական քաղաքականության թնդանոթային միս դարձնելը:

Կարծում եմ, որ անհրաժեշտ է կասեցնել դա` հետևողականորեն լուսաբանելով այս խնդիրը, վերացնելով նման կայքերը: Դրա համար համապատասխան հնարավորություններ կան: Պետք է ընդամենը կազմակերպված աշխատել»:

Այնուհետև խոսք վերցրեց ԵՊՀ-ի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Հովհաննիսյանը.

«Ռասիզմն ու բռնությունն առկա են տեսանյութում: Դրանք հստակ հասցեատեր ունեն և հասնում են նրան: Ես մի փոքր հարցում եմ անցկացրել և պարզել եմ, որ այս սյուժեների նկատմամբ դրական արձագանքներ գալիս են 16-19 տարեկան դեռահասների կողմից: Մեր սերնդի վրա նման սյուժեները չեն կարող ազդել: Նրանք ուղղված չեն ինտելեկտուալ շերտին»:

Թատերական ինստիտուտի կինոֆակուլտետի դեկան Սարգսյանի խոսքով` «ինքնաքննադատությունը լավ բան է, բայց այս պարագայում խոսքը գնում է մարդկային տիպի մասին, որը ծաղրում և նսեմացնում է մարդկանց: Ես ամաչում եմ ոչ թե հայերի համար, այլ այն մարդկանց, որոնք քիչ չեն յուրաքանչյուր ազգում: Ես ասում եմ «ոչ» ռասիզմին և բռնությանը, և այստեղ հայը կապ չունի, սա ողջ մարդկության արատն է, որի դեմ բոլորը պետք է պայքարեն»:

Հոգեբան Հերոլդ Երեմիա Ալեքսանյանը` Ֆրանսիայից, նշել է, որ որպես եվրոպացի ինքը դատապարտում է այլատյացության և բռնության բոլոր դրսևորումները, սակայն, երբ նման դրսևորումները հայերին են վերագրում, հարկ է հաշվի առնել, որ դա թուրքերի կողմից հայերի նկատմամբ ֆաշիզմի դրսևորման  արձագանքն է: Հոգեբանն ընդգծել է, որ, թուրք ասելով, ինքը նկատի ունի նաև ադրբեջանցիներին: Ալեքսանյանը թարգմանչուհու միջոցով էր խոսում` պարբերաբար ուղղելով նրան:

Նրա կարծիքը բուռն աջակցություն գտավ ներկա բլոգերների և «հակահայկական քարոզչության մարտիկների» (ինչպես իրենք ներկայացան) շրջանում: Իրենց մեկնաբանություններում նրանք պնդում էին, որ ցուցադրված նյութերը ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ են արված և հակառակ ազդեցությունն են ունենում:

Ելույթ ունեցողներից շատերը, այդ թվում` ուսանողները, պահանջում էին, որպեսզի նման միջոցառումների ժամանակ ցուցադրվեն նաև ադրբեջանական քարոզչության նյութերը: Դատական նիստի համակարգող, «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանը պարբերաբար պահանջում էր թեմայից չշեղվել: Նա պատրաստակամություն է հայտնել մասնակցել բոլոր  միջոցառումներին, որոնք կկազմակերպվեն ներկա հակաքարոզչականների կողմից: Վանյանը նաև ընդգծել է, որ քննարկվող երկու տեսանյութերը վերցված են հայկական ծագում ունեցող պետերբուրգցի ուսանողների կայքից, որոնք հեղինակել են դրանք: Դահլիճում կարծիքներ էին հնչում այն մասին, որ տեսանյութերը պատրաստվել են Բաքվում, որպեսզի հեղինակազրկեն հայկական կողմին:

Երբ եկավ քվեարկելու պահը և հայտարարվեց, որ ձեռնպահ մնալ չի կարելի, ներկաների մի մասը լքեց դահլիճը: «Տեղեկատվական պատերազմի շղարշի տակ ներկայացվող բռնության և ռասիզմի քարոզչությանը» կողմ քվեարկեցին ֆրանսիացի հոգեբանն ու միջոցառումը նկարհանող օպերատորներից մեկը: Ավելի քան 20 մարդ դեմ էր: