ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զարմանում է, որ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձը նշող հասարակությունը հետևություն է անում, որ Վլադիմիր Պուտինի վերադարձը կարելի է կապել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ: Այս մասին Ծառուկյանն ասել է zham.am լրատվական կայքի հետ հարցազրույցում:
«Կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հոգեբանորեն էլ մեզ անկախ զգանք, հակառակ դեպքում լիարժեք պետականություն չենք կառուցի: Իսկ ինչ վերաբերում է 2-րդ նախագահի հնարավոր վերադարձին, ապա նա դրա բարոյական և քաղաքական իրավունքն ամբողջովին ունի», – ասել է ԲՀԿ առաջնորդը:
Պատասխանելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հարաբերությունների մասին լրագրողի հարցին` նա նշել է, որ դրանք նորմալ և աշխատանքային են:
Ծառուկյանը նաև ողջունել է «և’ գործող նախագահին, և 1-ին նախագահին, որ երկրի կայունությունը կարողացան վեր դասել ամեն ինչից, և մեզ մոտ չկրկնվեցին ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական սցենարները»:
«Հիշենք, թե այդ երկրները երբ կորցրեցին իրենց տարածքները…», – ասել է ԱԺ պատգամավորը:
Նա նաև հայտարարել է, որ ԲՀԿ-ն միայնակ է գնալու 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին` ձևավորելով սեփական ցուցակը:
Գագիկ Ծառուկյանը, սակայն, չի ցանկացել ասել, թե ում է սատարելու 2013 թվականի
նախագահական ընտրություններին:
«Սկզբում խորհրդարանական ընտրություններն են: Դա հիշեք: Ի դեպ, ես այս հարցին, ամիսներ առաջ կեսկատակ-կեսլուրջ պատասխանել եմ` «այդ մասին հաջորդ դասին»: Պատասխանը մնում է ուժի մեջ», – ասել է ԲՀԿ առաջնորդը: