Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջադրելու է իր թեկնածությունը 2012 թվականի նախագահական ընտրություններին, համացանցի ռուսաստանցի օգտատերերը սկսեցին հետաքրքրվել մի տեսանյութով, որը կոչվում է «Պուտինի խոստովանությունները»: Տեսանյութում օգտագործվում է «հակառակ տեքստի» հնարքը, երբ տեքստը կարելի է կարդալ սկզբից մինչև վերջ և հակառակը, որի պարագայում իմաստը փոխվում է:
Տեսանյութը համացանցում է հայտնվել այս տարվա սեպտեմբերի 12-ին, մինչդեռ նմանատիպ հոլովակ դեռևս 2002-ին հրապարակել էր այն ժամանակ Արգենտինայի նախագահի թեկնածու Ռիկարդո Լոպես Մերֆին: Այդ տեսահոլովակը ստեղծել էր TBWA նյույորքյան միջազգային գովազդային գործակալությունը: Տեսանյութի անգլիական տարբերակն ուղարկվել էր Կաննի գովազդի փառատոն, որտեղ 2006-ին ստացել էր «Արծաթե առյուծ» մրցանակը:
Երկու հոլովակների ակնհայտ նմանության վրա ուշադրություն էր դարձրել «Սոլիդառնոստ» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Լեոնիդ Մարտինյուկը, ով «Պուտինյան ռեժիմի ստերը» վիդեոշարքի հեղինակն է:
Նշենք, որ Արգնետինայի 2003 թվականի նախագահական ընտրություններում Մերֆին զբաղեցրել էր 3-րդ տեղը` հավաքելով ձայների 16,3 տոկոսը: