«Նախարար, հեռացիր (գազելով)», «Ես չեմ կռանում», «Կռացած մինչև ո՞ւր», «Ազգի ողնաշարը կոտրվում է գազելում» պաստառներով «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը ժամը 17:00-ին սահմաններում բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության շենքի առջև:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Արևիկ Մարտիրոսյանը, իրենք նախարար Մանուկ Վարդանյանի հրաժարականի պահանջով նամակ են փոխանցելու, քանի որ նախարարը «չի կարողանում ապահովել քաղաքացիների արժանապատիվ տրանսպորտը»:
«Վերջին օրերին ակնհայտ է, որ մարզերից ճանապարհները փակ են, և մարդիկ չեն կարողանում ազատ տեղաշարժվել: Մարզերի տրանսպորտի չաշխատելու պատճառը չէ, որ մենք պահանջում ենք նախարարի հրաժարականը, դա պարզապես գործոններից մեկն է, որն ավելի է առաջնահերթ դարձնում նրա հրաժարականի պահանջը: Եթե նա չի կարողանում իրական գծատերերի հետ լեզու գտնել, պետք է փոխվի նա: Իրականում խնդիրն ավելի խորն է, քաղաքական է, մենք, ճիշտ է, ունենք համակարգային խնդիր, բայց ամեն նախարար լինի իր տեղում և իր ոլորտի մեջ, գուցե, մենք ունենանք իրական հաջողություններ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Արևիկը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից, երբ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարել է շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մաիսն, Հայաստանի բազմաթիվ բնակավայրերից մասամբ կամ ամբողջովին դադարեցվել է միջքաղաքային հասարակական տրանսպորտի շարժը: