Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:50-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 19-ամյա Հենրիկ Խաչատրյանը (Ախուրյանի զինկոմիսարիատ) և 19-ամյա Խաչատուր Սուքիասյանը (Մարտունու զինկոմիսարիատ):
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ավելի ուշ տարածվեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը, որում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զոհվել է զինծառայող Յուրի Արամի Սարգսյանը: Տեղի ունեցածը, ըստ Կարապետյանի, ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է հրադադարի ռեժիմը պահպանելու միջազգային հանրության կոչերը, այլև վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը` ինքնաբերաբար պատասխանատվություն կրելով բոլոր անցանկալի հետևանքների համար: