Այսօր Իսպանիայում կկայանա տարվա հարսանիքը: Երկրի ամենահարուստ բնակչուհին` 85-ամյա դքսուհի Ալբան` թագավոր Խուան Կարլոսի համաձայնությամբ, երրորդ անգամ կմոտենա խորանին: Անցած շաբաթ Կաետանա Ալբան իր 60-ամյա փեսացու Ալֆոնսո Դիեսի հետ այցելել է միապետին, որից հետո նա օրհնել է զույգին:
Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իսպանիայի ժամանակով 13:00-ին դքսուհու Պալասիո-դե-լաս-Դուենաս պալատի մատուռում: Հարսանեկան ծիսակատարությունն անցկացնելու են երեք հոգևորականներ: Հարսանիքին հրավիրված են մոտ 60 հարազատներ:
Երկու անգամ այրիացած նորահարսը, երրորդ անգամ ամուսնանալով, ցանկանում է խորհրդանշական դաս տալ աճող սերնդին: «Համենայնդեպս, ես ամուսնալուծված չեմ, ինչպես իմ բոլոր երեխաները: Դրա համար, ավելի լավ է առհասարակ չամուսնանալ»,- ասել է նա:
Դքսուհի Ալբան և նրա ապագա ամուսինը, ով աշխատում է սոցիալական ապահովության վարչությունում, ծանոթացել են, երբ Ալբան 40 տարեկան էր, իսկ նա 25: Հարսանիքից առաջ դքսուհին հայտարարել է, որ հրաժարվում է իր բոլոր փողերից և պալատներից միայն իր սիրելիի հետ ամուսնանալու համար: