Այսօր ժամը 13.30-ի սահմաններում Հրազդանի ոստիկանություն են տարել Հայ Ագային Կոնգրեսի Հրազդանի ակտիվիստ Ղևոնդ Եղիազարյանին:
Epress.am-ը հեռախոսով զրուցել է ոստիկանության բաժնում գտնվող Եղիազարյանի հետ, ով ասել է, որ ինքը նկարելիս է եղել, թե ինչպես են ոստիկաններն արգելում տաքսու վարորդներին դեպի Երևան ուղևոր տեղափոխել:
Ոստիկանները մոտեցել են երիտասարդին և ասել են, որ ինքը խանգարում է իրենց ծառայություն իրականացնել, որից հետո բերման են ենթարկել բաժին: Մեր զրույցի ընթացքում լսվում էր, թե ինչպես են ոստիկանները պահանջում անջատել հեռախոսը և հանձնել իրենց: Այս պահին երիտասարդին ոստիկանությունից արդեն բաց են թողել:
Նշենք նաև, որ Կոտայքի մարզի բնակիչ Գեղեցիկ Երեմյանը զանգահարել է Epress.am-ի խմբագրություն և հայտնել, որ մարզի Նոր Հաճն քաղաքից հնարավոր չէ Երևան հասնել:
Նա նշեց, որ ժամը 13:00-ից մինչև այս պահը կանգառում հավաքված բազմությունը ցանկանում է մեկնել Երևան, սակայն մայրաքաղաքից եկող գազելները ուղևորներ չեն վերցնում:
Երեմյանի խոսքով` սա կրկնվում է ամեն օր: Նա նշել է, որ վարորդները նույնպես դժգոհում են ստեղծված իրավիճակից: Վարորդների խոսքերով` նրանք կատարում են գծատիրոջ հրամանը: Ի տարբերություն վերջինիս, նրանք չաշխատելու համար փոխատուցում չեն ստանում: Դժգոհությունների դեպքում նրանց առաջարկում են հեռանալ աշխատանքից: