ՀՀ ԱԻՆ մասնագետներից կազմված խումբը, որը հոկտեմբերի 2-ի երեկոյան Տավուշի և Լոռվա մարզերի սահմանագծում տեղի ունեցած խոշոր սողանքից անմիջապես հետո մեկնել էր դեպքի վայր, իրականացրել է սողանքի ուսումնասիրություն:
Ըստ մասնագետների` տվյալ տարածքը բնութագրվում է լանջերի թեքությամբ և սողանքային երևույթների մի շարք օջախներով:
Այդ օջախները դեռևս 2004 թ. գույքագրվել և գրանցվել են ՀՀ քաղաքաշինության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություննների, ինչպես նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության մասնագիտական խմբերի կողմից:
Համաձայն ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» գործակալության տվյալների` սեպտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 13.58-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոծմինդա քաղաքից 24 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի և Աշոցք քաղաքներում, ինչը ևս իր բացասական ներգործությունն է թողել տարածաշրջանի փլուզումային գոտիների լեռնազանգվածների տեղաշարժի գործընթացների վրա:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երևույթները, ինչի հետևանքով մոտ 3000 խ.մ. ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին:
Հոկտեմբերի 2-ի փլուզմանը և սողանքին նպաստել են նաև վերջին օրերի հորդառատ անձրևները:
Դեռևս ակտիվ սողանքային երևույթները խոչնդոտում են որոնողափրկարարական աշխատանքների ամբողջ ծավալով իրականացմանը:
Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: