Այսօր Ստրասբուրգում անցնող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի երրորդ օրվա ընթացքում քննարկվել և քվեարկության է դրվել «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձևի նախագիծը, որը սեպտեմբերին առաջարկվել էր Հայաստանի հարցով համազեկուցող բրիտանացի Ջոն Պրեսկոտի և գերմանացի Աքսել Ֆիշերի կողմից:
Հիշեցնենք, որ բանաձևի նախագծում, մասնավորապես, նշվում էր, որ «Հայաստանում հայտարարված վերջին համաներումը, 2008 թվականի մարտին զոհված 10 քաղաքացիների մահվան հանգամանքները նորովի հետաքննելու ազդակը և ընդդիմության ու իշխանական կոալիցիայի կառուցողական երկխոսության փաստը նշանակում է, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարող է համարվել փակված Վեհաժողովի համար»:
Հայաստանի պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյան ու Արմեն Ռուստամյանն առաջարկել են բանաձևից հանել տվյալ կետը, սակայն առաջարկը չի ընդունվել:
Բանաձևում նաև ասվում է, որ ԵԽԽՎ-ն շարունակելու է մոնիտորինգի տակ պահել Հայաստանը:
Նշենք, որ քվեարկության արդյունքում բանաձևի նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Քվեարկությանը մասնակցել են 44 պատգամավորներ: Ադրբեջանի 3 պատվիրակներ դեմ են քվեարկել, Հայաստանի ներկայացուցիչ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը ձեռնպահ է մնացել, իսկ 40 պատգամավոր կողմ են քվեարկել: Նշենք, որ այդ պատվիրակների թվում էին Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը և Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-ից:
«Դա քարտ-բլանշ էր Հայաստանի իշխանությունների համար: Նրանք հասան իրենց նպատակին», – Epress.am-ի հետ հեռախոսազրույցում Ստրասբուրգից բանաձևի քվեարկությունը մեկնաբանել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: