Հայաստանի հավաքականը գտնվում է լավ մարզավիճակում, և տղաները շատ բարձր տրամադրություն ունեն: Այս մասին այսօր նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Նա նշել է, որ Մակեդոնիայի հետ հանդիպումից առաջ խնդիրներ կան պաշտպանությունում, քանի որ որակազրկման պատճառով չի խաղա Հրայր Մկոյանը, իսկ Ռոբերտ Արզումանյանը վնասվածք ունի և, ամենայն հավանականությամբ, չի հասցնի վերականգնվել:
«Ռոբերտ Արզումանյանը երեկ անհատական ծրագրով մարզվեց, ինձ թվում է` չի հասցնի վերականգնվել, բայց այսօր դեռ մարզում ունենք, կտեսնենք», – ասել է Մինասյանը:
Ինչ վերաբերում է մրցակցին, ապա Մինասյանը նշել է, որ նոր մարզչի գլխավորությամբ Մակեդոնիայի հավաքականը շատ ավելի լավ ֆուտբոլ է խաղում:
«Հիմա շատ կազմակերպված, ավելի լավ ֆուտբոլ են խաղում, ու ինձ թվում է, որ վաղը նրանք ավելի ազատ ու վստահ կխաղան, որովհետև իրանց վրա ճնշում չկա արդյունքի: Անհատապես էլ ունեն մի քանի ֆուտբոլիստներ, որոնք թիմի դեմքն են, չնայած հիմնական կազմի երկու խաղացող չեն եկել, և դա մեր օգտին է: Ես այս խաղը կհամեմատեմ Անդորրայի հավաքականի հետ խաղին, որովհետև այնտեղ էլ մեզ համար կարևորը արդյունքն էր: Ուղղակի մի տարբերությամբ, որ Մակեդոնիայի հավաքականը որակներով ավելի բարձր է»,- նշել է ազգային ընտրանու մարզիչը:
Մինասյանի խոսքով` տակտիկական առումով զգալի փոփոխություններ չեն լինի, սակայն թիմը ավելի ագրեսիվ կխաղա և խաղի սկզբից կփորձի ճնշում գործադել: Ինչ վերաբերում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե եզրափակիչ փուլ դուրս չգալը ձախողում է, Մինասյանը դրա հետ չհամաձայնեց:
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովի այն հայտարարությանը, թե Հայաստանի հաղթանակը խոշոր հաշվով սլովակների նկատմամբ պատահականություն էր, և խաղը նույն հաջողությամբ կարող էր ավարտվել սլովակների օգտին, Վարդան Մինասյանը պատասխանեց. «Սլովակիան 5:0 կարար հաղթեր, ուղղակի պարտվեց: Դե թող ասեր, որ մենք բախտով չհաղթեցինք Մակեդոնիային»:
Հավաքականի մարզիչը նաև խոսեց որակազրկման վտանգի առջև կանգնած ֆուտբոլիստների մասին:
«Մեր հավաքականում 7 հոգի դեղին քարտեր ունեն և գտնվում են որակազրկման վտանգի առջև: Անմիտ, անտեղի դեղին պետք ա չստանան: Բայց ֆուտբոլ ա, խաղային դրվագում հնարավոր է, բայց աշխատելու են, որ կարգապահության պատճառով դեղին չստանան», – եզրափակել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վաղը ժամը 20:00-ին Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլի շրջանակներում կընդունի Մակեդոնիայի հավաքականին: