Home / Հայաստան / Ադրբեջանը պետք է գոհացնի ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային. նախկին նախագահ

Ադրբեջանը պետք է գոհացնի ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային. նախկին նախագահ

Այն փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան քրիստոնյա պետություններ են, պայմաններ է ստեղծում «հայկական օկուպացիայի» համար: Այս մասին  SalamNews-ին հայտնել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը:

Նա նշել է, որ Հայաստանը փորձում է աշխարհին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը որպես քրիստոնյա-մահմեդական պատերազմ:

«Բնական է, որ այդ ամենը ԵԱՀԿ ՄԽ-ի ճնշումը նվազագույնի է հասցնում: Հայերը հմտորեն օգտվում են նրանից, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, և Ֆրանսիան քրիստոնյա պետություններ են: Այդ իսկ պատճառով, Ադրբեջանը պիտի այնպիսի արտաքին քաղաքականություն վարի, որպեսզի ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան գոհ մնան:

Ադրբեջանը պետք է Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջի դեր ստանձնի, հավասարակշռություն պահպանի քրիստոնյա և մահմեդական աշխարհների մեջ: Եթե Ադրբեջանը պահպանի այդ հավասարակշռությունը, Հայաստանը չի կարողանա օգտվել դրանից»,-ընդգծել է նա:

Մութալիբովը մեկնաբանել է նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջան, այդ թվում` Ադրբեջան:

«Ես դրական եմ գնահատում այդ այցը: Որովհետև Ֆրանսիայում հայկական լոբբին շատ ուժեղ է: Ֆրանսիայում հայկական լոբբիի ուժը խանգարում է այդ երկրում  Ադրբեջանի մասին ճշմարտության տարածմանը: Ադրբեջանը պետք է սերտ համագործակցի Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում, հատկապես` էներգետիկ: Ֆրանսիայի նավթային և գազային ընկերությունների համար առավել լավ պայմաններ պետք է ստեղծվեն երկրում: Ադրբեջանում նոր հանքավայրերի շահագործման մեջ մեծ մասնաբաժին պետք է պատկանի Ֆրանսիային», – ասել է Մութալիբովը: