Home / Հայաստան / Մարտի 1-ի էջը հարաբերականորեն կարելի է փակված համարել. Բոստանջյան

Մարտի 1-ի էջը հարաբերականորեն կարելի է փակված համարել. Բոստանջյան

Իրավապահներ մարմինները, Խորհրդարանի հատուկ հանձնաժողովը մարտի 1-ի առնչությամբ արել են բոլոր հնարավոր քննարկումները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևին, որի 11-րդ կետի համաձայն 2008 թվականի մարտի 1-ի էջը կարելի է համարել փակված, Բոստանջյանը նշել է, որ հասկանալի է` որոշակի հարցեր մնացել են չլուծված, որոշակի հարցերի վերաբերյալ պատասխանատուներ չեն հայտնաբերվել, սակայն «սա շարունակելը նշանակում է կոնֆրոնտացիան մեծացնել մեր երկրում»:

«էս պահին ենթադրում եմ, որ մենք խորհրդարանական ընտրությունների ենք գնում, քաղաքական ուժերի մեջ գոյություն ունի որոշակի հասկանալի լարվածություն, և սա համեմել նաև, մասնավորապես, մարտի 1-ի դեռևս չբացահայտված մնացած խնդիրներով, ամենայն հավանականությամբ, ավելի պետք է սրի վիճակը մեզանում:  Ես կարծում եմ, որ հարաբերականորեն կարելի է նաև համարել փակված այս էջը»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Բոստանջյանը նաև նշել` «շատ պահեր կան, որ ինքը կցանկանար, որ իսկապես բացահայտված լինեին»:

«Իսկ ինչ վերաբերում է տասը զոհերին, դրանք էնքան փաստ են, որ հնարավոր չի դա որևէ ձևով ուզենալ մթագնել կամ այդ երևույթի մասին չխոսել, չմտածել: Դրանք կմնան: Բայց հայ ժողովուրդն իր անցած պատմության ժամանակ այդ ձևի էջեր միշտ էլ ունեցել է, սակայն, չեմ կարծում, որ դա վերցրել են և դարձրել են իրենց շարժվելու, զարգանալու առանցք: Չնայած հասկանալի է, որ ցանկացած ոչ ընկալելի, ոչ ընդունելի դեպք ու արարք, հատկապես, երբ այդտեղ կամքով, թե իրենց կամքից անկախ խառնված են լինում իշխանությունները… պատմականորեն միշտ պետք է դրան պատասխան տրվի: Մասնավորապես, դրա ավելի տոտալ տարբերակը հենց ցեղասպանություն է»,- ասել է  Բոստանջյանը:

Նա ասել է, որ այսօր ոչ թե ցեսաղպանությունը ճանաչելով մենք պետք է հավակնենք մի հզոր երկրից հողերը վերադարձնելու և դրանից բխող այլ բաներ, այլ պարզապես  մարդկությունը պետք է դատապարտի ցեղասապանության ինստիտուտը, որպեսզի հետագայում նման բաներ չկատարվեն:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի բանաձևին նախագծին կողմ են քվեարկել 40 պատգամավոր, այդ թվում` Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: