Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 5-ի հանրահավաքի ընթացքում խոսել է, իր խոսքով, Հայաստանի առջև ծառացած մեծագույն խնդրի` դեմոգրաֆիկ խնդրի և արտագաղթի մասին:
Տեր-Պետրոսյանը խնդիրը բաժանել է հինգ մասի` անվանելով դրանք պատմական, էմոցիոնալ, գենոֆոնդային, քաղաքական, ազգային և ազգապահպանական հարթություններ: Պատմական հարթության մասին խոսելով՝ նա նշել է, որ ըստ էության Հայաստանում այլազգիներ բնակված չեն եղել դեռևս պատմական դարաշրջանից: Ողջ Մեծ Հայքը բնակեցված եղել հայերով, բացառությամբ ծայրամասային որոշ գավառների: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի դեմոգրաֆիական վիճակը լրջորեն խաթարվել է Սելջուկյան արշավանքներից հետո 11-12-րդ դարերում, սակայն անգամ դա չի սպառնացել Հայաստանի դեմոգրաֆիական վիճակի կայունությանը:
Մեջբերելով հայ ժողովրդի պատմության ընթացքում տեղի ունեցած ևս մի քանի դեմոգրաֆիական աղետներ՝ ՀՀ առաջին նախագահը հասել է 1988 թվականի աղետալի երկրաշարժին:
«Երկրաշարժը նույնպես մի հզոր, հսկայական դեմոգրաֆիական աղետ էր, դուք հիշում եք տվյալները, 25 000 զոհ պաշտոնական տվյալներով և 500 000 բնակարանազուրկ», – ասել է ընդդիմության առաջնորդը և, հպանցիկ անդրադառնալով նաև պատերազմի և էներգետիկ ճգնաժամից հետո առաջացած արտագաղթին, պատմական հարթությունը ավարտել է:
Խոսելով արտագաղթի էմոցիոնալ, հոգեբանական հարթության մասին` ՀՀ առաջին նախագահը պարզաբանել է, թե ինչ նկատի ունի:
«Անհատի առումով արտագաղթը մի անձնական, մեծագույն ողբերգություն է: Ինչ է տեղի ունենում՝ միջավայրի, լեզվի, մշակույթի կտրուկ փոփոխություն: Մարդը կտրվում էր հարևաններից, բարեկամներից, իր լեզվով խոսող շրջապատից, իր երկրից, իր ծնողների գերեզմանից և հայտնվում բոլորովին օտար մի միջավարյում. սա հոգեբանական ծանրագույն հարված է: Արտագաղթը երկու ողբերգություն է իր մեջ պարունակում, մեկը`Հայաստանից անջատվելու ողբերգությունը, մյուսը`օտար միջավայրում հայտնվելու ողբերգությունը», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա հայտարարել է, որ 1989 թվականի տվյալներով Հայաստանի բնակչությունը 3,5 միլիոն էր, այսօր`1,5 կամ 2,5 միլիոն:
«Մեկ միլիոն մարդ կորցրել ենք, բայց սրանք պատահական մարդիկ չեն: Սա մեր գենոֆոնդը վտանգող մի միտում է: Եվ եթե այսպես շարունակվի, մենք կդառնանք ուրիշ ազգ: Արդեն դառնում ենք: Այսօր մեր հեռուստատեսությունը, կինոն… Ինչ է տեղի ունենանում այդտեղ. Կոմիտասին, Արամ Խաչատրյանին փոխարինել են թյուրքական մուղամները: Սա էլ ազգի որակի ամենամեծ կորուստներից մեկն է: Ցավալի է, բայց այդպես է», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Անդրադառնալով քաղաքական հարությանը` ՀՀ առաջին նախագահը ընդգծել է, որ արտագաղթում է ազգի ակտիվ զանգվածը, ակտիվ ոչ միայն աշխատանքում, այլև քաղաքացիական ակտիվության տեսակետից, քաղաքական ակտիվության տեսակետից:
«Շատերը զարմանում են, թե ինչու այսօրվա հանրահավաքների թափը այն չէ, ինչպիսին էր, ասենք, 2008 թվականի ընտրարշավի ժամանակ: Ինչո՞ւ եք զարմանում: 2008 թվականի Համաժողովրդական շարժման մասնակիցների կեսն արդեն այսօր Հայաստանում չեն: Ես խոր կասկածներ ունեմ, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ խրախուսում են արտագաղթը: Խրախուսում են ոչ միայն տնտեսական նկատառումներով… որպեսզի տեր կանգնեն նրանց ունեցվածքին, տեր կանգնեն նրանց հողերին, դուրս մղեն մանր-մունր գործարարներին Հայաստանից, որպեսզի նրանց էդ վերջին մի փոքր հացին էլ տեր կանգնեն: Դա համատարած է տեղի ունենում: Հայաստանում արդեն մանր ու միջին գործարարություն չկա, էդ ամբողջի տերը նույն մոնոպոլիստներն են, նույն իշխանական բաձրագույն պաշտոնյաները: Եվ սա նրանք, կարելի է ասել, հասցրել են ավարտին: Մնացել է գյուղը: Գյուղում, երբ մեր ժամանակ հողի սեփականաշնորհում կատարեցինք, կար 360 000 գյուղացիական տնտեսություն, այսօր մնացել է դրա կեսը: Մնացածի կեսը նվաճվել է նույն օլիգարխների և այս պաշտոնյաների կողմից: Հազարավոր հեկտարներով հողեր ունեն Հայաստանի բարձրագույն պետական պաշտոնյաներն ու օլիգարխները: Եվ այս կասկածն անհիմն չէ: Դա դուք էլ եք նկատում: Եվ դրա մասին բացահայտ խոսեց Հայաստանի վայ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ասաց. «Եվ շատ լավ էլ անում են, որ արտագաղթում են, բա ի՞նչ է մնան էստեղ, որ հեղափոխություն անե՞ն»: Հետո նա փորձեց արդարանալ, թե ինքը կատակել է, բայց ազգի ցավի հետ այսպիսի կատակ անելն արդեն սադիզմ է՝ մեկ, երկրորդ`սա կատակ չէր, սա ֆրեյդիզմի արտահայտություն էր: Իր ենթագիտակցությունը լավ էլ կարողացել է այս ձևով արտահայտել: Սա բացարձակ համոզմունք է նրանց մոտ», – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ազգապահպանության, ազգի գոյության և ազգային անվտանգության հարթության մասին խոսելով` ՀՀ առաջին նախագահն ասել է. «Լսեք, ես չեմ ուզում ձեզ սարսափեցնել, բայց մեր ազգը իսկապես ազգային աղետի առջև է կանգնած: Եթե այսպես շարունակվի, եթե արտագաղթը կանգ չառնի: Մենք վերանում ենք ուղղակի: Մենք վերանում ենք և դառնում ենք մի փոքրիկ կղզյակ: Մենք Լյուքսեմբուրգ ենք դառնում լավագույն դեպքում, եթե Հայաստանը պահպանվի որպես պետություն: Կլինենք Լյուքսեմբուրգ մի օվկիանոսի կենտրոնում: Մի կողմից Իրանը՝ մի 30-40 տարի հետո 120 միլիոն բնակչությամբ, մյուս կողմից Թուրքիան՝ 120 միլիոն, Ադրբեջանը կլինի 30-40 միլիոն, Վրաստանը կարող է լինել 4,5 միլիոն մեզ նման ազգ, միգուցե, ավելի կամ պակաս: Մենք 30-40 տարի հետո կլինենք 1,5 կամ 1 միլիոնանոց պետություն: Սա ոճիր էլ չէ: Չեմ ուզում ցեղասպանություն բառը օգտագործել, բայց ուրիշ բառ դժվար է գտնել»: