Դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարների տարածման մեջ մեղադրվող Կարեն Արայանը հոկտեմբերի 5-ին ձերբակալվել է: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Սևակ Միլիտոնյանը, Արայանին մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը) և 263 (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը) հոդվածների հատկանիշներով:
Նշենք, որ 263 հոդվածը ենթադրում է պատիժ տուգանքի տեսքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
144 հոդվածի դեպքում պատիժը կարող է սահմանափակվել տուգանքով կամ մեկից երկու ամիս ժամկետով կալանքով:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության կողմից փորձաքննության ուղարկված դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկաների փորձագիտական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նրա լուսանկարները պոռնկագրական բնույթի են: