Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը, ով Երևան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ներկա գտնվի այսօր Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը:
«Խաղալու ենք Մակեդոնիայի դեմ, և ես վստահ եմ, որ կկարողանանք լավ խաղ ցուցադրել, քանի որ մենք Եվրո-2012-ում հայտնվելու բացառիկ հնարավորություն ունենք»,- Ջորկայեֆի խոսքերն է փոխանցում «Ռեգնում» գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Ջորկայեֆը միշտ էլ սրտին մոտ է ընդունել այն բոլոր խնդիրները, որոնք այսպես կամ այնպես կապված են իր պատմական հայրենիքի հետ: Ջորկայեֆը իր կարիերայի ընթացքում մշտապես փորձել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց Ցեղասպանության խնդրի վրա:
Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարում (1993-1994 թթ.) «Մոնակո»-«Գալաթասարայի» խաղի ժամանակ թուրքական թիմի դարպասը գրավելուց հետո ֆուտբոլիստը հայտարարել էր. «Սա իմ առաջին պատասխանն է Հայոց Ցեղասպանությանը»: 1998 թվականի օգոստոսին Անկարան հայտարարել էր, որ Ջորկայեֆի այցը Թուրքիա անհնար է: Այցը պետք է կայանար Թուրքիայի Հանրապետության 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, որի ընթացքում Ջորկայեֆը ընդգրկված էր աշխարհի հավաքականի կազմում:
Իսկ 2000 թվականին Ջորկայեֆը հրաժարվեց մասնակցել նոյեմբերի 15-ի համար նախատեսված Թուրքիա-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը: Երեք ամիս անց նա Ֆրանսիայի աստղային թիմի մեկ այլ անդամի` Ալեն Բողոսյանի հետ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահին` Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: