Ճանապարհային ոստիկանության նոյեմբերյանցի հետաքննիչ Մխիթար Գիշյանի ծառայողական մեքենան, ի թիվս այլ մեքենաների, հայտնվել էր Այրումից ոչ հեռու փլուզված հողաքարազանգվածի տակ, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Երբ մեքենան հանվել է սողանքի գոտուց, Մխիթարը հայտնաբերել է, որ իր մեքենայի նվագարկիչը չկա: Որոնելուց հետո Գիշյանն այն գտել է շրջակա խոտերի մեջ:
Թերթի տեղեկություններով` սողանքի գոտուց հանված բուլղարական բեռնատարի վարորդն էլ, ի լուր բոլորի, հայտարարել է, որ բեռնատարի մեջ եղած 4 բջջային հեռախոսներից ոչ մեկը չկա: Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդներից մեկն էլ այս ամենը իմանալով` բղավել է, որ փրկարարները մոտ չգան հողից հանվող իր մարդատարին:
«Առավոտը» նշում է, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկ օր առաջ օրաթերթի լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ հպարտանում է փրկարարների կատարած աշխատանքով: