2011 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի են արժանացել երեք կանայք`Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը, լիբերիացի ակտիվիստ Լեյմա Գբովին, ինչպես նաև յեմենցի իրավապաշտպան Թավակուլ Կարման:
Նոբելյան հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ մրցանակը շնորհվում է «հանուն կանանց անվտանգության պայքար մղելու և խաղաղության հասնելու գործում կանանց լիակատար ներգրավվածությունն ապահովելու համար»:
Էլեն Ջոնսոն Սերլիֆը հանդիսանում է առաջին կինը, ով աֆրիկական պետությունում ժողովրդավարական ճանապարհով ընտրվել է նախագահի պաշտոնում: 2006 թվականին տարած հաղթանակից հետո, նա ամեն ինչ արել է, որպեսզի քաղաքացիական խաղաղություն հաստատվի երկրում, տնտեսական և սոցիալական զարգացում լինի, ինչպես նաև բարձրանա կնոջ դերը հասարակությունում:
Լեյմա Գբովին զբաղվել է երկարատև քաղաքացիական պատերազմի դադարեցման պայքարում Լիբերիայի բոլոր էթնիկ և կրոնական խմբերի կանանց ընդգրկմամաբ, ինչպես նաև ջանքեր գործադրել ընտրություններում կանանց մասնակցությունը ապահովելու համար: Բացի դա, նա մասնակցել է Արևմտյան Աֆրիկայում կնոջ դերի բարձրացման գործում իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքներին:
Թավակուլ Կարմանն առաջատար դեր է կատարել «արաբական գարնան» ընթացքում իրենց իրավունքների, ժողովրդավարության և խաղաղության համար Յեմենի կանանց պայքարի կազմակերպման գործում: