«Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում բլոգեր Սերգեյ Մուհամեդովը հրապարակել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ մի խումբ ակտիվիստների մատուցած նվերը: Այն իրենից ներկայացնում է նկարազարդումների գիրք, որի հերոսները փոքրիկ Վովան ու Դիման են (ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը):
Գրքի գաղափարը պատկանում է այն նույն խմբին, որը նախորդ տարի կիսամերկ ուսանողուհիների լուսանկարներով օրացույց էր պատրաստել Պուտինի համար:
Գրքի առաջին էջին հետևյալ գրությունն է. «Վովային և Դիմային ճանաչում են Ռուսաստանի բոլոր երեխաները, և նրանցից շատերը ցանկանում են ապագայում նրանց նման լինել: Այժմ «Ֆակուլտետ» հրատարակչության շնորհիվ յուրաքանչյուր երեխա անձամբ կարող է գունավորել Վովայի և Դիմայի կյանքը»:
«Գունավորիր ինքդ» գրքի առաջին էջին ասվում է, որ Վովայի ննջասենյակի պատերին կախված են նրա կուռքերի նկարներով պաստառները (պատին` Deep Purple հայտնի ռոք խմբի պաստառն է և Apple ընկերության տարբերանշանով մարդու պատկերը): Իսկ մյուս էջը պատմում է այն մասին, որ Դիման արդեն մեծ է, և ինքնուրույն է լվանում իր ատամները:
Մեկ այլ էջում պատկերված է փոքրիկ Վովան և ներքևում հետևյալ գրությունն է «Վովան բարդ աշխատանք ունի, որը, նրանից բացի, ուրիշ ոչ ոք չի կարող կատարել: Նա աշխատում է մեծ սպիտակ շենքում»:
Գրքի հեղինակներն այսպես են ավարտում Վովայի ու Դիմայի մասին պատմությունը. «Եվ ով ինչ ուզում է ասի, Վովան ու Դիման գիտեն, որ ընկերությունից լավ բան չկա»: