Արաբական հեղափոխությունների ալիքի մուտքը Հայաստան քիչ հավանական է, քանի որ «դրանք իսլամական երկրներ էին, իսկ մենք իսլամական երկիր չենք»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով` նման գործընթացը Հայաստանում ավելի պասիվ կարող է ընթանալ, քանի որ առկա է ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությունը:
«Համեմատածած այլ նախընտրական տարիների հետ, մեզանում այս անգամ նախընտրական մրցավազքն ավելի ուշացած է, համեմատաբար ավելի պասիվ է, և տևական գործընթացներ բերող նախընտրական էֆեկտ առայժմ նկատելի չէ: Մի բան, որի մասին կարող ենք խոսել, դա հանրահավաքն է, որը առայժմ անժամկետ է: Ինչքան կտևի` բավական բարդ է ասել», – ասել է Խաչատրյանը:
Պատգամավորը չի բացառել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն: Խաչատրյանի խոսքով` եթե Քոչարյանը որևէ ուժի հետ փորձի միավորվել, ապա դա կլինի Հանրապետական կուսակցությունը:
Հարցին, թե արդյոք ՀԱԿ-իշխանություն առճակատումը կարող է հանգեցնել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կրկնության, Խաչատրյանը պատասխանել է. «Մարտիմեկյան դեպքերի կարող է բերել միայն մեկ դեպքում, երբ որ երկիշխանության իրավիճակ ստեղծվի, և կողմերի միջև առաջանա խնդիրը լուծելու արագության հարց: Եթե գնաց երկիշխանության հարց, այդտեղ կարելի է ամեն ինչ սպասել: Եթե ընդդիմությանը հաջողվում է բարձրացնել այնպիսի ժողովրդական ալիք, որի առջև իշխանությունը անզոր է կիրառել որևէ սահմանափակման մեխանիզմ, այդ դեպքերում գնում են ֆիքսելու ընտրությունների արդյունքները»,- ասել է Վարդան Խաչատրյանը: