ՀՀ վերաքննիչ դատարանում 2011թ. հոկտեմբերի 3-ին ժամը 15:00-ին կայանալիք Վահե Սանթրոսյանի գործով նիստը հետաձգվեց մինչև նույն օրվա ժամը 17:00-ն, սակայն սկսվեց ժամը 16:15-ի սահմաններում: Նիստին չէր ներկայացել Սանթրոսյանի պաշտպան Կարինե Գասպարյանը, ով հրաժարվել էր դատարան ներկայանալ ամբաստանյալի մոր հետ ֆինանսական անհամաձայնություններ ունենալու պատճառով: Դատարանում Սանթրոսյանը հրաժարվել է պաշտպանից և հայտարարել է, որ ինքն իրեն է ներկայացնելու: Այս մասին հաղորդում է Հելսինկյան ասոցիացիա:
Արդյունքում դատարանը մերժել է պաշտպան Գասպարյանի բողոքը և վճռել անփոփոխ թողնել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Սանթրոսյանը դատապարտվում էր երեք տարի ազատազրկման` համաձայն ՀՀ Քր. Օր. 177 հոդվածի 2րդ մասի 3-րդ կետի` գողություն, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան, դատախազ` Անուշ Չիլինգարյան):
Սանթրոսյանի մեղքն ապացուցող միակ փաստը նույն գործով մեղավոր ճանաչված Գուրգեն Ավետիսյանի` Սանթրոսյանին հանցակից ճանաչող նախաքննական ցուցմունքն է, որը նա, սակայն, և՛ նախաքննության փուլում, և դատարանու՛մ հերքել էր: Գուրգեն Ավետիսյանը ներակայացավ նաև վերաքննիչ դատարան, որտեղ պնդեց, որ գողությունը կատարել է միայնակ և Սանթրոսյանին հանցակից ճանաչող ցուցմունքները տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի և ճնշումների ենթարկվելու արդյունքում:
Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդի ներկայությամբ Ավետիսյանն ասել է, որ վերջինիս հայրն իրեն հայտնել է, որ Դիլիջանի քննչական բաժնից իրենց տուն են այցելել և պահանջել, որ Ավետիսյանը վերաքննիչ դատարան չներկայանա:
Սանթրոսյանի թևերը ամբողջությամբ սպիապատ էին ինքնավնասման բազմաթիվ փորձերից, իսկ պարանոցի վրա երևում էր Դիլիջանի ոստիկանության բաժնում պարանոցը վնասելու արդյունքում առաջացած մեծ սպին: