Այսօր Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հայտարարության մասին:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից, Էրդողանը դիմել է անձամբ Ֆրանսիայի նախագահին. «Պարոն Սարկոզի, Դուք չպետք է մոռանաք, որ Ֆրանսիայում, բացի 500,000 հայերից, նաև 500,000 թուրքեր են ապրում: Դուք որպես երկրի նախագահ պարտականություններ ունեք հաջորդ սերունդների նկատմամբ: Նախագահը պետք է խոսի և գործի` մտածելով նաև իր երկրի ապագայի մասին: Հայերի առնչությամբ դուք ծրագրեր և հեռանկարներ չունեք, իսկ Թուրքիայի հետ` ունեք: Մտածեք այդ մասին», – զգուշացրել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստան կատարած իր այցի ժամանակ ֆրանսիական առաջնորդը Թուրքիային կոչ էր արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: