2011թ. սեպտեմբերի 6-ին մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հանդես էին եկել հայտարարությամբ, որով արտահայտել էին իրենց մտահոգությունը հայկական բանակում առկա իրավիճակի, մասնավորապես` բռնությունների ու մահվան դեպքերի կապակցությամբ: Այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարին առաջադրվել են մի քանի պահանջ` ակնկալելով դրանց ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկում մեկամսյա ժամկետում:
Հայտարարությունից հետո մինչ օրս կազմակերպությունները հետևյալն են արձանագրել.
• ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է աշխատանքային դռնփակ երկու հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարության, զինվորական դատախազության, մարդու իրավունքների պաշտպանի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարին կից հանրային խորհրդի, իրավապաշտպան կազմակերպությունների և մահացած զինծառայողների հարազատների մասնակցությամբ` քննարկելու խնդիրը.
• ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կազմակերպել են առանձին հանդիպումներ մահացած զինծառայողների հարազատների հետ.
• Առնչվող կառույցների ներկայացուցիչները իրենց մասնակցությունն են բերել «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված քննարկմանը եւ ներկայացրել իրենց տեսակետները բանակում տիրող իրավիճակի կապակցությամբ.
• ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել զոհված զինծառայողների ընտանիքների տրամադրվող նպաստն ավելացնելու 21 տոկոսով` մոտավորապես` 10.000-ից 12.100 ՀՀ դրամ.
• ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արվել են հայտարարություններ զինված ուժերում ներքին կարգապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին.
• «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում՝ ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի, մի քանի բարձրաստիճան սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի քանիսը` ստացել են նկատողություն.
• ՀՀ պաշտպանության նախարարի և զինվորական դատախազի միջև համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման և պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որի աշխատանքներին օժանդակություն կցուցաբերի նաև Մարդու իրավունքների պաշտպանը:
«Այս գործընթացին զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ զոհվածների հարազատներին փորձել են հորդորել` հրաժարվելու բանակում սպանությունների փաստերի դեմ հրապարակային բողոքներից: Իսկ սեպտեմբերի 21-ին, Անկախության տոնակատարության ժամանակ, իրավապահ մարմինները կոպտորեն խոչընդոտել են սպանված զինծառայողների հարազատների և հասարական ակտիվիստների բողոքի ցույցը:
Գտնում ենք, որ համապատասխան կառույցների կողմից տվյալ ժամանակահատվածում ձեռնարկված վերոնշյալ քայլերը բավարար չեն բանակում առկա խնդիրները կարգավորելու համար, իսկ ճնշումները մահացած զինծառայողների հարազատների նկատմամբ հիմք են տալիս առհասարակ կասկածի տակ դնելու նման կարգավորման համար քաղաքական կամքի առկայությունը:
Բացի այդ, արձանագրում ենք, որ մինչ օրս որևէ հրապարակային դիրքորոշում ստեղծված իրավիճակի ու մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ չի արտահայտել ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը: Հասարակությանը նաև հայտնի չէ նրա կողմից ձեռնարկված որեւէ կոնկրետ գործողություն այդ առնչությամբ:
Վերլուծելով նման վարքագիծը` համարում ենք, որ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը պատշաճ չի ընկալում բանակում տիրող իրավիճակն անհապաղ բարեփոխելու օրախնդիրը և չի զգում դրանում իր անմիջական պատասխանատվությունը: Նրանից արմատական բարեփոխումներ ակնկալել, փաստորեն, անիմաստ է, ուստի պահանջում ենք անհապաղ հրաժարականը իր զբաղեցրած պաշտոնից», – ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են` Արթուր Սաքունցը` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, Նատալյա Մարտիրոսյանը` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ, Ժաննա Ալեքսանյանը` «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Սեդա Մելիքյանը` «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Լևոն Բարսեղյանը` «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ, Սոնա Այվազյանը` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Իզաբելլա Սարգսյանը` «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ և Լալա Ասլիկյանը` «Հույս» ՀԿ: