Հոկտեմբերի 7-ին ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվել է և ընդունվել է Հայաստանին վերաբերող բանաձևի նախագիծը, որի կետերից մեկի համաձայն, 2008թ մարտի 1-ի էջը առաջարկվում է փակված համարել:
Քննարկմանը մասնակցել է նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` Նորվեգիայի մարդու իրավունքների տան հրավերով որպես Մարդու իրավունքերի պաշտպանների Հարավային ցանցի խմբի անդամ:
Epress.am-ի հետ զրույցում Միքայել Դանիելյանը պատմել է այցի նպատակների և նիստի ընթացքի մասին:
Նա նշել է, որ իրենց նպատակն էր հանդիպել տարբեր պատգամավորական խմբերի և խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի որևէ կերպ կարողանային ազդել վերոնշյալ բանաձևի տեքստը վերաշարադրելու վրա, ինչը, սակայն, Դանիելյանի փոխանցմամբ, չի ստացվել:
«Մենք առաջարկում էինք ընդհանրապես մարտի 1-ի հատվածից հանել էջ փակելու պատմությունը, և կարևորում էինք, որ պիտի լինի բաց և թափանցիկ քննություն մարտի 1-ի գործով: Խմբի մեջ էին Նորվեգիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներ: Առաջարկը նայում էին, ասում էին` կփոխանցենք մեր պատվիրակությանը, բայց հանդիպումները ցույց տվեցին, որ ԵԽ-ի ասամբլեան մահացած է, չի աշխատում ընդհանրապես, և դա կոնկրետ ասեց պատգամավորներից մեկը` Գերմանիայի ներկայացուցիչը Մարի Լուիզ Բեքը: Սրանով մեր իշխանությունները հնարավորություն ստացան անել այն անօրինականությունները, որոնք սովոր են անել և ինձ թվում է` կանեն: Մարտի 1-ը չի բացահայտվի, չի էլ ուզում բացահայտվի, որովհետև, եթե բացահայտվելու լիներ` շուտվանից կբացահայտվեր, և ինձ չի թվում, որ Եվրոպայի պառլամենտը էնքան միամիտ է, որ հավատացին Սերժ Սարգսյանի ասածներին: Ես կարող եմ ասել, որ դա գործարք էր: Ես չգիտեմ, թե դա ինչ գործարք էր և ինչ էր դրա հիմքում ընկած», – ասել է Դանիելյանը:
Նա նաև նշել է, որ, լսելով Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի ելույթը, թվում էր, որ նա իրավապաշտանության ջատագովն էր:
«Բայց հետո շատ հիմար արտահայտություն արեց, մենք էջը փակում ենք, բայց դա չի նշանակում, որ մոնիտորինգը չենք շարունակելու: Ինչի՞ մոնիտորինգն են շարունակելու: Մեր իշխանություններն ասել են, որ մարտի 1-ը կբացահայտվի: Իշխանությունները դա ասել են նաև, երևի, 2008 թվականաի մարտի 2-ին կամ մարտի 5-ին, ու մինչև հիմա ոչ մի բան չեն բացահայտել: Հետո մի շատ հետաքրքրի բան կար: Արտակ Զեյնալյանը դատի էր տալիս դատախազությանն անգործության համար, նրանք ասում էին` ոչ, մենք անգործություն չենք անում, մենք գործ անում ենք, դրանից հետո երեք ատյան անցավ. մեկ էլ Սերժ Սարգսյանը որոշում է, որ վատ են անցկացրել: Կամ դատախազությունն է հիմար վիճակում հայտնվել, որոնք ասում են, որ անգործ չեն, կամ էլ Սերժ Սարգսյանը, որ ասել ա, որ դրանք անգործ են, հիմա պիտի նորից անեն: Ու ես եկա մի եզրակացության, որ ԵԽ-ն մեռել է ոչ թե երեկ կամ այսօր, այլ այն ժամանակ, երբ նախկին Սովետական Միության երկրները, բացի Մերձբալթյան երկրներից, մտան այնտեղ: Բանաձևը կանխամտածված քայլ էր` ուղղված ՀՀ քաղաքացիներիդ դեմ, ՀՀ դեմկրատիայի դեմ», – հավելել է Դանիելյանը:
Նա նաև տեղեկացրել է մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա ժամանել է Երևան: Օդանավակայանում, երբ նրա աnձնագրի մեջ պետք է խփեին կնիքը, նրան հարցրել են, թե որտեղից է եկել, ինչին Դանիելյանը պատասխանել է` չեմ ասի:
«Ասաց` պիտի ասեք, ես էլ ասացի` ես պարտավոր չեմ ասել, ես եկել եմ իմ երկիրը: Ասաց` ես կնիք չեմ խփի, ասացի` ներեցեք, ես եկել եմ իմ երկիր իմ անձնագրով: Նա կրկին նշեց, որ պարտավոր եմ ասել, ասացի` ես ոչ մեկին պարտավոր չեմ ոչինչ ասել: Կանչեց ղեկավարին: Ղեկավարն ասում է` գիտեք մեր համակարգիչն է պահանջում, ծրագիրն է այդպես աշխատում, ասացի` ծրագիրը փոխեք: Պատասխանեց, որ իրենց ձեռքում չէ դա, ասում եմ` բա ո՞ւմ ձեռքում է: Պատասխանեց, որ վերևից է գալիս: Ասացի` դուք ուզում եք ասեք, որ ՊԱԿ-ը հետարքքրվո՞ւմ է, թե ես որտեղից եմ գալիս, ուր եմ գնում, հետևում է ինձ, ասաց` մենակ ձեզանով չէ: Ասացի` ՀՀ քաղաքացիները գտնվո՞ւմ են ՊԱԿ-ի հսկողության տակ, պատասխանեց` ոնց ուզում եք, որոշեք: Ասացի` ես դա մամուլում կտպեմ, ասաց` դա ձեր իրավունքն է, պատասխանեցի` իմ իրավունքների մասին ինձ չպատմեք», – ասել է Դանիելյանը: