Բաքվում, ուր այլ համաշխարհային առաջնորդներ ժամանում են էներգետիկ պաշարների խնդրողի կարգավիճակում, ղարաբաղյան հակամարտությունը ուժային տարբերակով լուծելու անհնարինության մասին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը նախազգուշացում էր ոչ միայն Ֆրանսիայի նախագահի, այլև ԵՄ-ի առաջնորդի կողմից: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
«Միաևնույն ժամանակ, Սարկոզին իր գործընկերոջը հնարավորություն է ընձեռել սեփական առաջարկները բերել Փարիզ: Շախմատային տերմինաբանությունն օգտագործելով` Սարկոզին որակը զոհաբերել է նախաձեռնությանը»,- գրում է թերթը:
Հոդվածի հեղինակի խոսքով` Երևանում, Թբիլիսիում և Բաքվում Սարկոզիի պահվածքի «տարատեսակությունը» տարօրինակ կլիներ, եթե չլիներ երկու գործոն:
«Առաջինը` Սարկոզին փորձում է միջազգային թատերաբեմում բարձրացնել Ֆրանսիայի վարկանիշը, և միայն Լիբիայով նրա նպատակները չեն սահմանափակվում: Երկրորդ գործոնը նախագահական ընտրություններն են, որոնց ընդամենը կես տարի է մնում, և ինքն այստեղ բացարձակ ֆավորիտ չէ: Այցի ընթացքում նրան լրագրողների բավական տպավորիչ խումբ էր ուղեկցում, Կովկասում հնչող նախագահի հայտարարությունները նախատեսված էին նաև ներքին խոհանոցի համար:
Երևանում նա, նախևառաջ, փորձեց իր կողմը գրավել Ֆրանսիայի հայկական սփյուռքին: Երկրորդը` Անկարայի վրա հարձակում գործելով` նա ընդառաջ գնաց ֆրանսիացի աջականներին և կենտրոնամետներին, որոնք չեն ընդունում Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը: Երրորդ` հենց Երևանին հասկացնել տվեց, որ Ֆրանսիան կարող է հովանավորել իրեն և պետք չէ կենտրոնանալ միայն Ռուսաստանի վրա: Իր հերթին, Ֆրանսիայի համար Հայաստանի հավատարմությունը ավելորդ չի լինի` հաշվի առնելով այն, որ Վրաստանը հիմնականում ամերիկամետ է, իսկ Ադրբեջանը` թուրքամետ»: