Այսօր ժամը 10:10-ի դրությամբ պարզվել է Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը, հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Լճկաձոր գյուղի բնակիչ, 1939 թ. ծնված Նորիկ Միրզոյանի դին:
Երեկ առավոտյան Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի ավտոմեքենան:
Ավտոմեքենայում գտնվել են 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիակները:
Այժմ անհետ կորած է համարվում երկու մարդ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: