Կիևի Պեչյորսկի շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին մեղավոր է ճանաչել պաշտոնական դիրքի չարաշահման մեջ և դատապարտել 7 տարվա ազատազրկման, հաղորդում է ուկրաինական «ՈՒՆԻԱՆ»-ը: Միաժամանակ դատավճիռն ընթերցող դատավոր Ռոդիոն Կիրեևը հայտարարել է, որ դատարանը Տիմոշենկոյից հետ չի պահանջի երկրին պատճառված 200 մլն դոլարի վնասը:
Հիշեցնենք, որ հետաքննության արդյունքների համաձայն, 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագիր կնքելիս Տիմոշենկոն, պաշտոնական դիրքը չարաշահելով, երկրին խոշոր չափերի վնաս է պատճառել:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ`Տիմոշենկոն վճռի ընթերցման ժամանակ բանավեճի մեջ է մտել դատավորի հետ և, ընդհատելով նրան, հայտարարել, որ այս դատավճիռով նրանք «Ուկրաինայի ազատությունն» են գողանում: Դատավորը, ձայնը բարձրացնելով և անուշադրության մատնելով նրա դիտարկումները, շարունակել է դատավճիռն ընթերցել:
Նշենք, որ Ուկրաինային փողոցներում լարված իրավիճակ է: Դատարանի շենքը շրջափակման մեջ են վերցրել ինչպես նախկին վարչապետի կողմնակիցները, այնպես էլ նրա հակառակորդները: Ոստիկանության հետ ժամանակ առ ժամանակ ընդհարումներ են տեղի ունենում: Կան ձերբակալվածներ: Իրենց կարծիքն են հայտնել այս առնչությամբ նաև ֆեմինիստները: Նրանք մերկացել են և հայտարարել, որ Տիմոշենկոյի և նրա հիմնական հակառակորդ`նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև որևէ տարբերություն չկա:
Դատավճռի ըներցումից և լրագրողների հետ շփվելուց հետո, Տիմոշենկոյին նիստերի դահլիճից տարել են ձերբակալվածների սենյակ: