Կիևի Պեչյորսկի շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին մեղավոր է ճանաչել «գազի գործով»: Դատավճիռն ընթերցող դատավոր Ռոդիոն Կիրեևը հայտարարել է, որ Տիմոշենկոն չարաշահել է իր պաշտոնական դիրքը 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագիր կնքելիս, հաղորդում է Reuters-ը: Դատավորը ապացուցված է համարել այն փաստը, որ նախկին վարչապետը` ի դեմս «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության, երկրին 200 մլն դոլարի վնաս է պատճառել:
Ինքը`Տիմոշենկոն դատավաճռի ընթերցման մեկնարկից առաջ հայտարարել է լրագրողներին .«Այս դատավճիռը ոչինչ չի կարող փոխել իմ կյանքում, և իմ պայքարում»: Տիմոշենկոն դատարան է եկել մոխրագույն զգեստով, և իր մշտական սանրվածքով:
Դատավճռի ընթերցումը դեռևս շարունակվում է, Յուլիա Տիմոշենկոն լսում է այն նստած: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պահանջում էր 7 տարվա ազատազրկման ենթարկել քաղաքական գործչին: Փաստաբանները ի սկզբանե պնդում էին, որ նա անմեղ է, իսկ նախկին վարչապետը վստահ է, որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների համար: