Լիովին համաձայն եմ գործընկերոջս` Յուրի Մանվելյանի հետ, ով այսօր առավոտյան գրել էր այն մասին, որ տնտեսապես ՈՒԵՖԱ-ին Եվրո-2012-ին միանշանակ ձեռնտու էր Իռլանդիան և ոչ թե Հայաստանը, ինչպես նաև այն դրույթի հետ, որ սա պարտք էր Տյերի Անրիի ձեռքի համար: Դա ակնհայտ է անգամ իռլանդացի ֆուտբոլային վերլուծաբանների համար, ովքեր առանց երկմտելու գրում են այդ մասին:
Միևնույն ժամանակ, համաձայն չեմ այսօր առավոտից փողոցներում հնչող այն կարծիքի հետ, որ դա «հայի բախտ էր»:
Հայի չէր. սա ուղղակի փոքր ֆուտբոլային տերության բախտ է: Նման բաներ շատ են լինում, ուղղակի մենք առաջին անգամ բախվեցին այս կարգի խոշոր անարդարության հետ:
Զավեշտալին այն էր, որ Թյերի Անրիի ձեռքին մրցավարը պատասխանեց երկու ձեռքով: Սկզբում Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսն իռլանդացի Քոքսի իրական ձեռքը «չնկատեց», իսկ հետո «նկատեց» Ռոման Բերեզովսկու չեղած ձեռքը: Ռոմանը ցույց էր տալիս, որ ուսին էր դիպել, ու, առանց դրվագը դիտելու էլ, միանգամից հասկացա` նա ճիշտ է: Որովհետև Բերեզովսկին, խորին համոզմունք ունեմ, եթե ձեռքով խաղար, ապա չէր վիճի, ուղղակի կլքեր խաղադաշտը: Իսկ այն, որ ձեռքով խաղ չկար, գիտեն բոլորը, այդ թվում` Իտուրալդե Գոնսալեսը:
Խաղն այդքանով նվիրելով իռլանդացիներին` չինովնիկները խախտեցին իրենց իսկ կողմից քարոզվող սկզբունքը: ՈՒԵՖԱ-ի մրցավարական սեմինարների ժամանակ մրցավարներին չեն զլանում անընդհատ կրկնել, որ սխալը սխալով փակելը կոպիտ մեթոդական սխալ է, որովհետև դառնում է երկու սխալ: Փաստորեն, այս դեպքում, փակելով իռլանդացիներին, կոպիտ մեթոդական սխալ թույլ տրվեց, բացի դա, քանի որ իռլանդացիներին հաճոյացան ոչ թե ֆրանսիացիների, այլ մեր հաշվին, ստեղծվեց նաև երրորդ սխալի հավանականությունը: Բայց միանգամից ասեմ, որ չեմ ցանկանում, որ երբեք Հայաստանի հավաքականի օգտին նման սխալ գործեն` հոկտեմբերի 11-ի սխալը փակելու համար: Չեմ ցանկանում, որ որևէ մեկը զգա այն, ինչ զգում էին Հայաստանի հավաքականի հազարավոր երկրպագուներ:
Պատահական չէ, որ Հայաստանին պատժելու որոշման համար ընտրել էին Իտուրալդե Գոնսալեսին: Արդեն 44 տարեկան մրցավարը հաջորդ տարի ավարտում է իր միջազգային կարիերան: Հեղինակությունը պահելու և հետագայում լավ հանդիպումներին նշանակումներ ստանալու խնդիր չունի: Եվ խնդիրը չսկսվեց Բերեզովսկու հեռացումով: Այդտեղ մրցավարն իր առջև դրված խնդիրը ավարտեց: Իսկ մանր սխալները առաջին խաղակեսում շատ էին: Օրինակ, երբ Մխիթարյանին էին ակնհայտ հրում տուգանային հրապարակի գծի մոտ, իսկ սուլիչը լռում էր…
Երկրորդ խաղակեսում, երբ Դոյլին կարմիր էր ցույց տալիս, դա արդեն զավեշտալի էր: Ինչը ինչով էր փակում….
Գիտակցության հոսքիս վերջին հատվածում մի պահ էլ ցանկանում եմ ընդգծել: Հայաստանում բոլորը սկսեցին ֆուտբոլ նայել: Դա շատ լավ է: Բայց վատն այն է, որ բոլորը սկսեցին ֆուտբոլի մասին խոսել: Հրապարակավ: Անգամ նրանք, ովքեր չգիտեն` որտեղ է ստադիոնը կամ ինչպես են բացվում ստադիոնի դարպասները: Սա «հին երկրպագուի» խանդ չէ «նորեկների» նկատմամբ, հավատացեք: Ցանկանում եմ ուղղակի նշել այն փաստը, որ առանց հասկանալու ֆուտբոլի մասին ամեն անկյունում խոսելուց, ֆուտբոլի վերաբերյալ իռլանդական մամուլի նյութերը սխալներով թարգմանելուց կամ ֆուտբոլի հաշվին էժանագին «փիառ» կազմակերպելուց առաջ պետք է մտածել նրա մասին, որ այն, ինչին այժմ հասել են մի խումբ մարդիկ, երկար տարիների աշխատանք է, իսկ այսօրվա գովերգողները շատ հաճախ առանց հասկանալու «քլնգողի» դերում են եղել: Նույն Վարդան Մինասյանին քննադատողները շատ էին, երբ մարզիչը, ում դերը, իմ խորին համոզմամբ, այս հաջողություններում շատ մեծ է, դեռևս մարզչի պաշտոնակատար էր, բայց, հավանաբար, տեսնում էր իր առջև դրված խնդիրը և դրա լուծման ճանապարհները: Իսկ դատարկ, ոչ մասնագիտական վերլուծությունները, իրոք, ավելորդ աժիոտաժ են ստեղծում:
Ես ցանկանում եմ ֆուտբոլից խոսել, հայաստանյան ֆուտբոլից, այլ ոչ թե ազգի փառքից, տարատեսակ պանիխիդաներից և նրանից, թե որքան մենք ուժեղ ենք միասին: Մենք «միասին» ուժեղ դառանք, երբ Հայաստանի հավաքականը սկսեց հաղթել, իսկ մինչ այդ, հիշո՞ւմ եք, միասին չէինք թույլ, այլ թույլ էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Հաջողության ժամանակ հեշտ է խոսել դրանից և յուրացնել այն: Եթե, իրոք, ֆուտբոլ ենք սիրում (ոչ թե միջազգային կազմակերպությունների պատկերացրած ֆուտբոլը, այլ ֆուտբոլ մաքուր ձևով), ապա թիմի կողքին պետք է լինենք միշտ: Ոչ միայն այն ժամանակ, երբ հաղթում ենք կամ պարտվում ենք անարդարացիորեն, այլ այն ժամանակ, երբ ուղղակի պարտվում ենք, բայց տեսնում ենք հստակ ճանապարհը դեպի հաջողություն: Եթե այդ ճանապարհը չենք տեսնում, պետք է փորձենք խոսել այդ մասին, այլ ոչ թե անհիմն քննդատությամբ զբաղվենք: Ճիշտ քննադատողներ, ի դեպ, անհաջողությունների ժամանակ էլ եղել են, և դա, կարծես, օգնել է: Ֆուտբոլն ավելի լավ զարգանում է այն հասարակություններում, որոնք կենտրոնացած չեն արդյունքի վրա: Դժվար է պատկերացնել, որ եթե, օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդը» երեք անընդմեջ պարտություն կրի, «Օլդ Թրաֆորդ» հաջորդ խաղին ընդամենը 2 հազար մարդ կգա:
Կամ խոսելուց գոնե խոսել է պետք վերջնական հաջողությունից հետո:
Բոլոր այն մարդկանց, ովքեր հայաստանյան ֆուտբոլի նկատմամբ իրենց սերը հանկարծ հայտնաբերեցին այս ընտրական փուլում, ցանկանում եմ հիշեցնել Ստանիսլավսկու փորք-ինչ վերափոխված խոսքերը. «Սիրեք ֆուտբոլը ձեր մեջ, այլ ոչ թե ձեզ ֆուտբոլում»:
Իսկ Իտուրալդե Գոնսալեսի նման մրցավարներին ցանկանում եմ ցանկանալ. «Սիրե’ք ֆուտբոլը, ձեր մորը…»
Հեղինակ` Արմեն Մելիքբեկյան