Հոկտեմբերի 11-ին Վահագն Չախալյանին Ռուսթավի N6 խիստ ռեժիմի բանտում տեսակցել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Տեսակցության ժամանակ Սրբազանը, հայտնելով ջավախքահայ քաղաքական գործչին իր զորակցությունը, միաժմանակ հորդորել է նրան դադարեցնել հացադուլը` հրաժարվելով իր առողջությանը վնասող այդ ծայրահեղ միջոցից: Ընդառաջելով Սրբազանի հայրական հորդորներին` Վահագն Չախալյանը որոշել է հոկտեմբերի 12-ից դադարեցնել հացադուլը:
Այդ որոշումն ընդունելիս` նա նաև հաշվի առել այն հանգամանքը, որ հացադուլ հայտարարելուց հետո բանտի ադմինիստրացիան բավարարել է նրա պահանջների մի մասը: Այսպես.
– Թույլատրվել է հայ հոգևորականների և, մասնավորապես, Վազգեն Սրբազանի հետ նրա տեսակցությունը,
– Լուծվել է բանտախցի ջրամատակարարման խնդիրը, թույլատրվել է պահել ջրի համար բաքեր,
– Վերացվել են բանտի խանութից գնումներ կատարելու սահմանափակումները,
– Վերադարձվել են բռնագրավված գրքերը:
Վահագն Չախալյանը իր փաստաբանի միջոցով փոխանցել է, որ նա հաստատակամ է շարունակելու իր նկատմամբ արդարության վերականգնման և ջավախքահայության իրավունքների պաշտպանության համար պայքարը, հայտնում է «Երկիր» միությունը: