Ի՞նչ գիտենք մենք Իռլանդիայի հավաքականի մասին: Այն, որ նրանք չմասնակցեցին 2010թ. Աշխարհի գավաթին մրցավարի պատճառով, ով չէր նկատել Տյերի Անրիի ձեռքով խաղը: Վերջինս գոլային փոխանցումով Ֆրանսիային Հարավաֆրիկյան Հանրապետություն ուղարկեց: Իռլանդիայի առջև մեղքը վերադարձրեցին երկու տարի անց` նախօրեին Հայաստանի հետ հանդիպման ժամանակ, որը ողջ պատմության մեջ առաջին անգամ պայքարում էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար:
Իսպանացի մրցավարն անգամ չէր էլ փորձում նուրբ գործել, և առաջին խաղակեսի ընթացքում`0:0 հաշվի ժամանակ, խաղից հեռացրեց թիմի առաջատարին` փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկուն` ձեռքով խաղի համար, որն իրականում չկար: Իսկ դրանից մեկ վայրկյան առաջ նույն դրվագում գնդակի ընթացքը ձեռքով կասեցրեց իռլանդացի հարձակվող Սայմոն Կոքսը, ով, ի դեպ, խոստովանել է, որ դարպասապահի կողմից ձեռքով խաղ չի եղել: Բայց դա արդեն խաղից հետո:
Եվ անգամ դրանից հետո Հայաստանի հավաքականի տղաներն էին ֆուտբոլ խաղում, իսկ դաշտի տերերը շարունակում էին աչքի ընկնել ձանձրալի գործողություններով: Եվ նրանց փոխարեն գոլեր էին կազմակերպում մեր տղաները: Առաջին խաղակեսի վերջնամասում Վալերի Ալեքսանյանը, ինքնագոլ գրանցելով, հաշվի մեջ առաջ մղեց իռլանդացիներին: Նա նշան տվեց, թե «ես խաղում եմ», և գրավեց սեփական դարպասը: Ինչո՞ւ դա արեց: Ինչո՞ւ: Երբ պատասխան չկա, մեղքը նյարդերի վրա են բարդում: Ամեն դեպքում, Ալեքսանյանը չփոխարինվեց և մինչև վերջ բավական տպավորիչ խաղ ցուցադրեց:
Երկրորդ գոլը իռլանդացիներին «մատուցեց» երևանյան «Փյունիկի» երիտասարդ դարպասապահը: Արձագանքելով հակառակորդի թույլ փոխանցմանը` նա ցատկեց իր տեղում և պարզեց երկու ձեռքերը, մինչդեռ Դանը փորով գնդակն ուղարկեց դարպասը: Ավելի անիմաստ գոլ դժվար է պատկերացնել:
Դեռ մի քանի տարի առաջ Հայաստանի հավաքականը նման իրավիճակում կդադարեր խաղալ: Ֆուտբոլիստները կմտածեին պարգևատրումից զրկվելու, ինչպես նաև Դուբլինի խանութներից գողացած բջջայինները և կաշվե բաճկոնները Երևանում վերավաճառելու մասին: Բայց այս երիտասարդ թիմը հարձակումը հարձակման հետևից էր կազմակերպում: Եվս մեկ գեղեցիկ խաղարկային պահ եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը` գրավելով իռլանդացիների դարպասը: Խաղի 81-րդ րոպեին մրցավարին թվաց, թե կարող է մաքրվել կեղտից, և նա դաշտից հեռացրեց Քևին Դոյլին: Խաղի հաշիվը չփոխվեց մինչև վերջ:
Դժվար թե որևէ մեկը պատասխան տա Հայաստանի հավաքականի նկատմամբ թույլ տրված անազնվության համար: Ֆուտբոլային պաշտոնյաները այսպես են դատում` նախ` վերադարձրեցին 2010-ի առաջնության պարտքը: Երկրորդ` ենթադրենք` հայերը մեկնեն Եվրո-2012, իսկ որքա՞ն երկրպագու նրանք կբերեն իրենց հետ, որոնք կարող են աջ ու ձախ գումարներ ծախսել:
Այլ հարց է Իռլանդիան, որը նվազագույն աշխատավարձի ամենաբարձր մակարդակն ունի աշխարհամասում և տասնյակ հազարավոր գարեջրի տակառների սիրահար երկրպագուներ:
Հեղինակ` Յուրի Մանվելյան