Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան Իռլանդիա-Հայաստան հանդիպման մրցավարի դեմ բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` նշելով, որ իրեն հետաքրքրում է Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը չեղյալ հայտարարելը և ոչ թե «այդ տգետին» պատժելը:
«Ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ի կողմից պատվերին, սիրելի ֆուտբոլասերներ, խնդրում եմ, հավատացեք ինձ: ՈՒԵՖԱ-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել: Միշել Պլատինին այն մարդը չէ, որ իրեն թույլ տա նման արարք կատարել», – գրել է Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր անգամ անհաջողության դեպքում են կանգնում հավաքականի կողքին:
«Իսկական ֆուտբոլասերը հենց ձեր նման է լինում: Ես հպարտանում եմ ձեզանով, որ դուք կաք և աջակցում եք ազգային հավաքականին: Իրականում մենք ունենք իրոք ուժեղ, պայքարող, իրենց գործին նվիրված ֆուտբոլիստներ: Նրանք արժանի էին հաղթանակի: Բայց ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները: Եկեք չհուսախաբվենք ու աջակցենք մեր սիրելի թիմին և մեր հրաշալի տղաներին», – նշել է Հայրապետյանը: