Միջին Արևելքի երբեմնի ամենամեծ եկեղեցիներից մեկը` Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը գտնվում է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, կվերաբացվի հոկտեմբերի 23-ին ծիսական արարողությամբ:
Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2009 թվականի վերջին, այն բանից հետո, երբ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի հիմնադրամը ձեռնամուխ եղավ եկեղեցու վերականգնման ծրագրի իրականացմանը:
Հիմնադրամի նախագահ Էրգյուն Այիկը հաղորդել է Today’s Zaman-ին, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին 3200 քառակուսի մետր տարածք զբաղեղնող համալիրի մի մասն է կազմում: Համալիրն ունի նաև մատուռ, հանդիպումների սրահ, դպրոց, ճաշասրահ և հոգևորականների համար նախատեսված տներ:
«Համալիրի 85 տոկոսը կազմող եկեղեցու վերականգնումն ապահովված է: Սակայն ողջ համալիրի վերականգնման համար ավել գումարներ կպահանջվեն»,- ասել է Այիկը` նշելով, որ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը առավելապես հիմնադրամի շնորհիվ է իրականացվում:
Այիկը նշել է, որ մինչ Դիարբեքիրի քաղաքապետարանը վերականգնման ողջ բյուջեի մեկ երրորդն է տրամադրել, այլ պետական ինստիտուտներ չեն ցանկացել մասնակցություն ունենալ այս գործում, թեև հիմնադրամը դիմել էր նրանց ավելի մեծ բյուջեի համար: «Ողջ համալիրի վերակառուցումը կարող է ավարտվել ընդամենը 4 ամսում, եթե անհրաժեշտ ֆինանսավորում ապահովվի», – ասել է նա:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին զավթել էր գերմանական բանակը, իսկ 1918-ին այն վերածվել էր տեքստիլային պահեստի: 1952 թվականին հայ համայնքը դիմել էր իշխանություններին այն վերադարձնելու խնդրանքով, որից հետո եկեղեցին կրկին հանձնվել էր հայերին: Այդուհանդերձ, այն կիսաքանդ վիճակում է եղել մինչև 1980 թվականը:
«Այն ավերակների էր վերածվել: Դրա վերաբացումը բարոյական, տնտեսական և հասարակական նշանակություն կունենա», – ասել է Այիկը:
Նա հայտնել է, որ հոկտեմբերի 22-ի երեկոյան եկեղեցում պատարագ կմատուցվի այն օծելու համար, և հաջորդ օրը`կիրակի, ծիսակատարություն կլինի այս շրջանում մնացած փոքրաթիվ հայերի համար:
«Նախևառաջ, սա շատ կարևոր եկեղեցի է ճարտարապետական տեսանկյունից: Երկրորդ հերթին, այն անցյալն է խորհրդանշում: Սա քաղաքում մնացած հայկական 7 եկեղեցիներից մեկն է»,- ասել է Այիկը և հավելել, որ «մինչ 1915 թվականի դեպքերը այս շրջանում 40,000-45,000 հայեր են ապրել»:
Նշենք, որ պատարագը մատուցվելու է Պոլսի Հայոց պատրիարքարանի խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից: