ՀՀ կառավարության շենքի առջև ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող բանակում սպանված զինծառայողների հարազատների թիվը գնալով ավելանում է:
Եթե մեկ տարի առաջ բողոքում էին ընդամենը հինգ զինծառայողի հարազատներ, ապա այսօր այդ մարդկանց թիվը մի քանի անգամ շատացել է:
Այսօր հերթական ակցիայի ընթացքում Epress.am-ը զրուցել է անցյալ տարի բանակում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի քրոջ` լրագրող Ծովինար Նազարյանի հետ, ով խոսել է վերջին երեք օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում գրանցված երկու զինծառայողների մահվան մասին: Նշենք, որ պաշտոնական վարկածի համաձայն, զինծառայողներն ինքնասպանություն են գործել:
«Երբ այդ լուրը առանք, ուղղակի տագնապի մեջ էինք, շատ վախենալու է այն ինչ-որ կատարվում է, որովհետև երեկ Խարբերդում հողին են հանձնում մեկին և ստանում են մեկ ուրիշ զինծառայողի սպանության լուրը, ընդ որում ՊՆ-ն հենց սկզբից հայտարարում էր` ինքնասպանություն: Չգիտես ոնց որոշեց. իրենք շատ արագ կողմնորոշվում են, էնքան սուպերպրոֆեսիոնալ քննիչներ ունեն, շատ արագ որոշում են, որ դա ինքնասպանություն է: Պետք է դա ինչ-որ ձևով կանգնեցնել ու հենց հիմա, ոորվհետև, եթե երկու օր տարբերությամբ նույն գյուղից մարդ է սպանվում ,պետք է դա հենց հիմա կանգնեցնել: Վաղը չէ մյուս օրը մեկն էլ կսպանվի… մի ամիս չենք կարող սպասել, մի շաբաթ անգամ չենք կարող սպասել, որովհետև այդ մի շաբաթում էլ կարող են ևս մի քանի հոգի խոշտանգվել, ևս մի քանի հոգի սպանվել», – ասել է Նազարյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստին չէր մասնակցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այդ առնչությամբ Նազարյանն ասաց, որ իրեն չի հետաքրքրում նախարարը երբ է գալիս, երբ է գնում, իր համար կարևոր է, որ նախարարն իր աշխատանքը կատարի:
«Իրեն ես չեմ սպասում: Ես այստեղ գալիս եմ հանրային բողոքը հայտնելու, ոչ թե գալիս եմ, որ Սեյրան Օհանյանը դուրս գա և էլի իր բարի քաղաքավարի կերպարով մեզ ինչ-որ հանգստացնող խոսքեր ասի, ու հետո մինչև հաջորդ կառավարության նիստը ևս մի քանի հոգի սպանվեն», – ասել է Նազարյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ այս օրերին իրենց խմբին են միացել վերջին երկու ամիսներին բանակում զոհված Տիգրան Համբարձումյանի ծնողները և Աղասի Աբրահամյանի ամբողջ ընտանիքը:
Այսօր առավոտյան, թեև անդադար անձրև էր տեղում, ակցիայի մասնակիցնեռրը մինչև վերջ մնացին կառավարության շենքի մոտ: Նրանք ձեռքերում պահել էին իրենց պաստառները` «Վերջ տվեք մեր զավակների դեմ պատերազմին», «Սեփական բանակը պահել չկարողացող ժողովուրդը ստիպված է լինելու պահել ուրիշի բանակը», «Հայրենիք պաշտպանի’ր քո պաշտպանին», «Բանակն առանց մարդասպանների», «Չհայտարարված պատերազմ հայ զինվորի դեմ»: